Էդվարդ Անտինյան. Ներքաղաքական հարցերը պետք է լուծել՝ առանց արտաքին քաղաքական թեմաների մեջ ներքաշվելու
Օրերս ՍԴ-ն որոշեց. «ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ սահմանադրությանը»: –Ինչպես ասում են՝ ո՞վ էր կասկածում:
Այն, որ իշխող քաղաքական ուժը բավարար ձայներ ունի պայմանագիրն ԱԺ-ում նույնպես անցկացնելու համար, դարձյալ կասկածից վեր է: Ուղղակի շատերը սպասում են, թե ինչ վերաբերմունք կունենան ոչիշխանական խորհրդարանական ուժերը հարցին, թեպետ նրանց ձայները որոշման վրա ազդել չեն կարող:
Կարծում եմ, որ այս հարցում «եռյակը» ոչ միայն միասնական տեսակետ չի կարող ունենալ, այլև պետք էլ չի, որ ունենա: Չէ՞ որ մշտապես նշվել է, որ համախմբվել են ներքաղաքական խնդիրների շուրջ իշխանափոխություն իրականացնելու համար, իսկ միասնական վերաբերմունքը ԵԱՏՄ-ի անդամակցության փաստաթղթին, անկախ նրանից՝ դեմ, թե կողմ, կարող է կասկածի տակ դնել այս մոտեցումը ու ներքաշել անպտուղ քննարկումների ու անհարկի բացատրությունների դաշտ, ինչին այդպես շունչը պահած սպասում են իշխանությունները:
Չեմ կիսում այն կարծիքը, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին անդառնալի է: Գուցե՝ անխուսափելի, քանի որ չհաջողվեց հասնել իշխանափոխության մինչև հոկտեմբերի 10-ը՝ անդամակցության փաստաթղթի ստորագրումը, ու, հավանաբար, չի էլ հաջողվի մինչև ԱԺ-ի կողմից վավերացումը: Ուրեմն, պետք է կենտրոնանալ իշխանափոխության վրա, որից հետո ընտրությունների միջոցով ժողովրդի վստահության քվեն ստացած նոր իշխանություններն էլ կանդրադառնան դրան՝ ինչն են վերանայում, ինչը՝ ընդունում: Այս պահին իշխանություններին առիթ տալ, որպեսզի ՌԴ-ի մոտ միակ վստահելի դաշնակից երևան ու փորձեն իրենց դիրքերն ամրապնդել դրսի շնորհիվ ու նրանց ներքաշել մեր ներքաղաքական պայքարի մեջ կոպիտ սխալ կլինի: Մանավանդ, գիտենք, թե ինչ աստիճանի անհուսալի գործընկերոջ համբավ ունի դրսում անձամբ Սերժ Սարգսյանը:
Առանց այն էլ գործող նախագահի վարչակազմն արեց ամենավտանգավոր քայլը, որ երբևէ հնարավոր էր անել: Այսօր Արևմուտքը համակարգված կերպով պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի դեմ: Թե ում մեղքով, սա այլ քննարկման թեմա է, փաստն այն է, որ Ռուսաստանն այժմ հայտնվել է վիրավոր գազանի կարգավիճակում: Իսկ ՀՀ իշխանությունները գնացին մտան վանդակը, և քանի որ հայտնի են իրենց թռնող բնավորությամբ, նրանց հետևից դուռը շրխկոցով փակեցին: Իսկ հիմա իշխանությունները ճաղերի արանքից շարունակում են օդային համբույրներ ուղարկել Արևմուտքին իրենց տխրահռչակ «և-և»-ի շրջանակներում: Հենց այն Արևմուտքին, որն էլ սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Ավելին. Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան համաժողովրդական շարժմանը քննադատելու համար, թե, իբր, բավարար չափով չեն պայքարում ԵԱՏՄ մտնելու դեմ, ամենավերջին հայհոյաքներն է թափում ՌԴ-ի ու անձամբ նրա նախագահի գլխին, ինչը չի կարող վրիպել մեր հյուսիսային գործընկերոջ աչքից: Եվ չպետք է մոռանալ, որ Սարգսյանի թեթև ձեռքով մեր երկիրն է հայտնվել վանդակում, ոչ միայն իշխանությունը, ուստի համաժողովրդական շարժման լիդերներն, այս փաստը հաշվի առնելով, իհարկե չպետք է կուլ տային իշխանական քարոզչական խայծը, ու բնական է, որ իրենց քայլերում ու հայտարարություններում պետք է առավելագույնս պատասխանատու վարքագիծ դրսևորեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս բարդ ու պայթյունավտանգ իրավիճակը, որի մեջ ներքաշվեցինք Սարգսյանի անհեռատես նախաձեռնողականության պատճառով:
Գուցե դեռ պաշտոնապես չի հայտարարվել, որ սկսվում է Արևմուտք-ՌԴ նոր սառը պատերազմը, բայց արդեն տեսնում ենք դրա նախանշանները մեր ռազմավարական դաշնակցի մոտ, երբ Ռուսաստանի ամենահեղինակավոր գործիչներն էլ եթե քննադատում են իրենց երկրի կողմից վարվող քաղաքականությունը, քիչ է մնում՝ ազգի դավաճան կոչվեն, ու հետները վարվեն պատերազմական ժամանակների օրենքներով: Եվ որքան սրվեն Արևմուտք-ՌԴ հարաբերությունները, այդքան ավելի է բարդանալու մեր վիճակը, ու ակտիվ չեզոքության մասին արդեն կարող ենք միայն երազել, իսկ կոմպլեմենտար քաղաքականությանն այլևս կարող ենք վերադառնալ միայն իշխանափոխությունից հետո:
Էդվարդ Անտինյան. Ներքաղաքական հարցերը պետք է լուծել՝ առանց արտաքին քաղաքական թեմաների մեջ ներքաշվելու
Օրերս ՍԴ-ն որոշեց. «ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ սահմանադրությանը»: –Ինչպես ասում են՝ ո՞վ էր կասկածում:
Այն, որ իշխող քաղաքական ուժը բավարար ձայներ ունի պայմանագիրն ԱԺ-ում նույնպես անցկացնելու համար, դարձյալ կասկածից վեր է: Ուղղակի շատերը սպասում են, թե ինչ վերաբերմունք կունենան ոչիշխանական խորհրդարանական ուժերը հարցին, թեպետ նրանց ձայները որոշման վրա ազդել չեն կարող:
Կարծում եմ, որ այս հարցում «եռյակը» ոչ միայն միասնական տեսակետ չի կարող ունենալ, այլև պետք էլ չի, որ ունենա: Չէ՞ որ մշտապես նշվել է, որ համախմբվել են ներքաղաքական խնդիրների շուրջ իշխանափոխություն իրականացնելու համար, իսկ միասնական վերաբերմունքը ԵԱՏՄ-ի անդամակցության փաստաթղթին, անկախ նրանից՝ դեմ, թե կողմ, կարող է կասկածի տակ դնել այս մոտեցումը ու ներքաշել անպտուղ քննարկումների ու անհարկի բացատրությունների դաշտ, ինչին այդպես շունչը պահած սպասում են իշխանությունները:
Չեմ կիսում այն կարծիքը, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին անդառնալի է: Գուցե՝ անխուսափելի, քանի որ չհաջողվեց հասնել իշխանափոխության մինչև հոկտեմբերի 10-ը՝ անդամակցության փաստաթղթի ստորագրումը, ու, հավանաբար, չի էլ հաջողվի մինչև ԱԺ-ի կողմից վավերացումը: Ուրեմն, պետք է կենտրոնանալ իշխանափոխության վրա, որից հետո ընտրությունների միջոցով ժողովրդի վստահության քվեն ստացած նոր իշխանություններն էլ կանդրադառնան դրան՝ ինչն են վերանայում, ինչը՝ ընդունում: Այս պահին իշխանություններին առիթ տալ, որպեսզի ՌԴ-ի մոտ միակ վստահելի դաշնակից երևան ու փորձեն իրենց դիրքերն ամրապնդել դրսի շնորհիվ ու նրանց ներքաշել մեր ներքաղաքական պայքարի մեջ կոպիտ սխալ կլինի: Մանավանդ, գիտենք, թե ինչ աստիճանի անհուսալի գործընկերոջ համբավ ունի դրսում անձամբ Սերժ Սարգսյանը:
Առանց այն էլ գործող նախագահի վարչակազմն արեց ամենավտանգավոր քայլը, որ երբևէ հնարավոր էր անել: Այսօր Արևմուտքը համակարգված կերպով պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի դեմ: Թե ում մեղքով, սա այլ քննարկման թեմա է, փաստն այն է, որ Ռուսաստանն այժմ հայտնվել է վիրավոր գազանի կարգավիճակում: Իսկ ՀՀ իշխանությունները գնացին մտան վանդակը, և քանի որ հայտնի են իրենց թռնող բնավորությամբ, նրանց հետևից դուռը շրխկոցով փակեցին:
Իսկ հիմա իշխանությունները ճաղերի արանքից շարունակում են օդային համբույրներ ուղարկել Արևմուտքին իրենց տխրահռչակ «և-և»-ի շրջանակներում: Հենց այն Արևմուտքին, որն էլ սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ: Ավելին. Բաղրամյան 26-ի քարոզչամեքենան համաժողովրդական շարժմանը քննադատելու համար, թե, իբր, բավարար չափով չեն պայքարում ԵԱՏՄ մտնելու դեմ, ամենավերջին հայհոյաքներն է թափում ՌԴ-ի ու անձամբ նրա նախագահի գլխին, ինչը չի կարող վրիպել մեր հյուսիսային գործընկերոջ աչքից: Եվ չպետք է մոռանալ, որ Սարգսյանի թեթև ձեռքով մեր երկիրն է հայտնվել վանդակում, ոչ միայն իշխանությունը, ուստի համաժողովրդական շարժման լիդերներն, այս փաստը հաշվի առնելով, իհարկե չպետք է կուլ տային իշխանական քարոզչական խայծը, ու բնական է, որ իրենց քայլերում ու հայտարարություններում պետք է առավելագույնս պատասխանատու վարքագիծ դրսևորեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այս բարդ ու պայթյունավտանգ իրավիճակը, որի մեջ ներքաշվեցինք Սարգսյանի անհեռատես նախաձեռնողականության պատճառով:
Գուցե դեռ պաշտոնապես չի հայտարարվել, որ սկսվում է Արևմուտք-ՌԴ նոր սառը պատերազմը, բայց արդեն տեսնում ենք դրա նախանշանները մեր ռազմավարական դաշնակցի մոտ, երբ Ռուսաստանի ամենահեղինակավոր գործիչներն էլ եթե քննադատում են իրենց երկրի կողմից վարվող քաղաքականությունը, քիչ է մնում՝ ազգի դավաճան կոչվեն, ու հետները վարվեն պատերազմական ժամանակների օրենքներով: Եվ որքան սրվեն Արևմուտք-ՌԴ հարաբերությունները, այդքան ավելի է բարդանալու մեր վիճակը, ու ակտիվ չեզոքության մասին արդեն կարող ենք միայն երազել, իսկ կոմպլեմենտար քաղաքականությանն այլևս կարող ենք վերադառնալ միայն իշխանափոխությունից հետո:
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203362008273450?pnref=story