Հարցազրույց

18.11.2014 16:48


Կորյուն Գրիգորյան. «Հուրը միայն իրենց սրտերում չէր, այլև շոգեբաղնիքում»

Կորյուն Գրիգորյան. «Հուրը միայն իրենց սրտերում չէր, այլև շոգեբաղնիքում»

Հարցազրույց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանի հետ

Երեկ համալիրում անց էր կացվում Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ ՀՀԿ–ականներ։ Դուք տեղյա՞կ եք՝ միջոցառումն անցկացնելու համար փոխանցվե՞լ է, կամ ո՞ւմ է փոխանցվել գումարը։

–Ավելի հավանական է, որ մարդիկ օգտվել են այն հնարավորությունից, որ շենքը հանձնված է ի պահ Պաշտպանության նախարարությանը. այսպես ասած, նրանց վերահսկողության տակ է գտնվում, և փորձել են շահագործել։ Թե հիմա գումար են վճարել բյուջե, թե որևէ անհատի, ես տեղեկություն չունեմ։ Սա հարյուրերորդական խնդիր է։ Առաջնային խնդիրն այն է, որ այնտեղ կա գույք. օրինակ՝ եթե ես ոսկի եմ գրավ դնում բանկում, բանկից դուրս գալուց բանկի կառավարիչը վերցնի դրանք, կրի, քանի որ իր մոտ դրած է ի պահ, նշանակում է՝ ոչ ոք իրավունք չունի դրան դիպչելու։ Մենք դրա համար դիմեցինք նաև ՀՀ դատական ատյաններ, խնդրեցինք, որ դա կարգավորվի։ Սակայն ոչ մի քայլ չարեց մեր դատական իշխանությունը, քանի որ մի զանգով բոլոր հարցերը լուծվում են, և, այսօրվա դրությամբ, մենք ունենք այն, ինչ ունենք՝ ապօրինի շահագործում օտար մարդկանց պատկանող գույքի։ Այնտեղ 10-12 կազմակերպության գույք է, ոչ մեկից թույլտվություն չի հարցվել։ Օգտագործում են այնպես, ինչպես ուզում են, սակայն իրենք շենքն են վերցրել, իսկ միջի գույքի մասին խոսք չկա։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է շարժական գույքից պատկանում ՄՀՀ–ին. դեռ պետք է պարզվի՝ ինչն է անցնում պետությանը, ինչը՝ ոչ։ Հիմնականում ունեն շենքը. մնացածին մատով կպնելու իրավունք չունեն։ Իրենք են շահագործում. ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է վնասվել, ում գույքն է վնասվել. տեղեկատվություն չի տրամադրվում։

Նորից եմ ուզում կրկնել՝ անվտանգության միջոցառումներ ձեռք չեն առնվել։ Այսինքն, այդքան երիտասարդներ հավաքել են և վտանգի ենթարկել նրանց կյանքը, որովհետև ոչ մի բան չեն արել, մատը մատին չեն տվել անվտանգությունն ապահովելու համար։ Այն, ինչ մենք առաջնահերթ անում էինք։ Թող իրենց ապաշնորհության համար մեղավորներ չփնտրեն։ Մենք էլ ենք շահագործել, մեր դեպքում էլ շատ–շատ տարբերակներ են եղել, որ ինչ–որ մեկը ծխախոտ է ունեցել, մյուսը մեկ այլ բան է արել, անմիջապես կանխվել է։ Ինչո՞ւ մինչև հիմա նման բան չի եղել։ Թեթև ինչ–որ բաներ կարող էին լինել. բոլոր մեծ միջոցառումների դեպքում կարող էր մի բան ընկնել, կոտրվել, բայց ոչ այդ մակարդակի հրդեհ։ Դա ինչ–որ բաժակ չէ, որ սեղանից ընկավ, կոտրվեց։ Այդ մակարդակի հրդեհի կոնկրետ մեղավորները պետք է պատժվեն։

–Վնասված գույքի համար տրամաբանական է, որ պետք է փոխհատուցվի...

–Պետք է հասկանանք՝ ում գույքն է, ինչ գույք է։ Ոչ մի ինֆորմացիա դեռ չունեմ։ Ես դրա համար եմ ասում՝ մեղավորները պետք է պատժվեն, սակայն այստեղ կարող է երկկողմանի լինել, այսինքն՝ եթե դա շահագործողների մեղքն է, միջոցառումը կազմակերպողների մեղքով է, բայց նաև շահագործողներն, ովքեր այնտեղ հիմա կանգնած են՝ ՊՆ ներկայացուցիչները և այլք, փաստորեն, չեն հետևել օրենքներին. եթե հետևեին, անկախ նրանից՝ միջոցառման կազմակերպչի սխալ լիներ, թե ոչ, իրենք կարող էին կանխել։ Կարծում եմ՝ դա երկկողմանի սխալ էր՝ մի կողմից անփութություն, մյուս կողմից... Ես տեղյակ չեմ։

–Մինչ համալիրը կանցներ ՀՀ ՊՆ վերահսկողությանը, երբևէ նման միջոցառումների ժամանակ շոգեբաղնիքը բացվե՞լ է։

–Միայն սպորտային միջոցառումների ժամանակ, երբ սպորտսմենները կարիք են ունեցել, եթե ոչ, իհարկե, ո՛չ, որովհետև համերգի ժամանակ շոգեբաղնիքի շահագործումն անհասկանալի է ինձ համար. չեմ կարծում, որ երգիչները դրա կարիքն ունեն։ Այս դեպքում թե դա ում համար է բացվել, հարցականների տեղիք է տալիս, և թերևս պետք է մտածենք, որ արդեն «բարդելի» են վերածել. կարծես դա դառնում է իրողություն, և սա էլ՝ ապացույց։

Համալիրի հետագա ճակատագիրն ի՞նչ է լինելու, ինչպես նաև՝ այնտեղ գտնվող գույքի։

–Քանի որ մենք հույս չունենք, որ ՀՀ դատական ատյանները կկարողանան որևէ արդար որոշում կայացնել, որովհետև ամեն ինչ կայացվում է բացառապես զանգերի և շահերի միջոցով՝ թե ում շահին է դա ավելի ձեռնտու, դրա համար մեր հույսը Եվրադատարանն է, և արդեն մի քանի հայցեր հասել են, ժամանակահատվածը լրացված է, և գործերը գտնվում են այնտեղ։ Մենք սպասում ենք արդեն դատական լսումների նշանակմանը։

–Կարեն Ավագյանը նշել է, որ բռնկված հրդեհն իր հետ որևէ կապ չուներ. եթե հուր ու կրակ կար, ապա միայն իրենց սրտերում ու հոգիներում. ինչպե՞ս դա կմեկնաբանեք։

–Թող այդ արտահայտությունը Կարեն Ավագյա՛նը փորձի բացատրել... Հրդեհը տեսանք, ամեն ինչը տեսանք։ Այնպես որ, հուրը միայն իրենց սրտերում չէր, այլև շոգեբաղնիքում, փաստորեն։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը