Քաղաքական

18.11.2014 16:29


Ռ. Հակոբյան. «Հրաժարվեցինք բանակցություններից և բովանդակային քննարկումներից»

Ռ. Հակոբյան. «Հրաժարվեցինք բանակցություններից և բովանդակային քննարկումներից»

Ինչպես հայտնել էինք, այսօր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ոչիշխանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել՝ կապված ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարության հետ։

Բավականին կարճ տևած հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «7օր»–ին ասել է.

–Ես և Միքայել Մելքումյանը «եռյակի» անունից հրաժարվել ենք բանակցություններ վարել իշխանության հետ։ Պարզապես գնացինք և ասացինք, որ 12 կետերի շուրջ բանակցությունների հարց չունենք: Մինչ այս Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը բազմիցս ապացուցել են, որ նման գործընթացներն օգտագործում են կառուցողական կերպարով ներկայանելու համար, և, ըստ էության, դրանք իմիտացիոն գործընթացներ են։

Ռ. Հակոբյանը նաև ավելացրել է, որ իշխանությունները 12 կետերը վերանայելու իրենց անկեղծությունն ապացուցելու համար կարող են, օրինակ, փոխել «Ընտրական օրենսգիրքը», ինչը չի ենթադրում ո՛չ ճանապարհային քարտեզ, ո՛չ ֆինանսական ներդրումներ։

–Կառավարութունը, բնականաբար, դա չկատարեց։ Հասկանալի է, որ Կառավարության և Սերժ Սարգսյանի առաջարկները լրիվ այլ նպատակներ ունեին, և մենք հրաժարվեցինք բանակցություններից և բովանդակային քննարկումներից,-հավելել է Ռ. Հակոբյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը