Լրահոս

17.11.2014 21:06


Հովիկ Աբրահամյան. «Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների»

Հովիկ Աբրահամյան. «Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նա շնորհավորել է ուսանողներին տոնական օրվա առթիվ և նշել.

«Երբ մենք ուշադիր նայում ենք, թե տարբեր ժամանակներում ու երկրներում ինչ առիթներով են երիտասարդները և ուսանողները ելնում պայքարի, թե ինչ հողի վրա են բախվում հայրերի ու որդիների սերունդները, ապա մեկ բառով կարելի է ասել, որ դա պայքար է հանուն արդարության»:

Հ. Աբրահամյանը նշել է, որ արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է, բայց շատ որոշակի է տարբեր սերունդների ընկալումների մեջ.

«Փորձեք հասարակությանը պարտադրել արդարության ձեր ընկալումը թե՛ մասնագիտության մեջ, թե՛ մնացած բոլոր ասպարեզներում: Բայց փորձեք դա անել՝ դիմացինին լսելով:
Սա կարևոր է, որովհետև նախ և առաջ տեսնել և լսել չցանկացողների բանավեճերն արդյունավետ չեն»:

Նա ընդգծել է, որ ոչ քիչ երկրներ են կործանվել և տասնամյակներով հետ շպրտվել իրենց զարգացման ճանապարհից հենց այն պատճառով, որ փորձել են արդարություն պարտադրել՝ միմյանց չլսելով:

«Համոզե՛ք, քարոզե՛ք, բարձրաձայնե՛ք այն, ինչը դուք ճիշտ եք համարում, որովհետև վաղը դուք և ձեր երեխաներն ապրելու եք այն միջավայրում, որն ինքներդ այսօր ձևավորում եք: Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները գլխացավանք չեն, ճիշտ հակառակը՝ նրանց գոյությունը բնության օրենքն է, զարգացման հիմնական խթաններից մեկը: Ավելին՝ փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների»,–ասել է Հ. Աբրահամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը