Լրահոս

17.11.2014 16:53


Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

ՀՀ ԱԺ կայքում զետեղված օրակարգից այսօր տեղեկացանք, որ ««Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության նախագիծը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը ներառվել է նոյեմբերի 17-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: Ընդ որում՝ նախատեսվում է արտահերթ նիստի ընթացքում անցկացնել օրենքի նախագիծի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ ընթերցումը:

Այսպես, ՀՀ Կառավարությունը և Ազգային ժողովը փաստում են, որ օրենքի նախագիծը այլևս փակ է քննարկման համար:

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը արդեն իսկ մտահոգություն էր հայտնել Կառավարության փակ և ոչ մասնակցային գործելաոճի վերաբերյալ, ինչի արդյունքում ««Ժամանակավորապես անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակվել և Կառավարության հաստատմանն էին ներկայացվել առանց շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների եւ հանրային հնչեղություն ստանալուց հետո միայն օրենքի նախագիծը հապշտապ քննարկվել էր մի քանի հասարակական կազմակերպությունների հետ, և միայն ԱԺ ներկայացնելուց հետո դարձել խորհրդարանական լսման խնդրո առարկա:

Խորհրդարանական լսման արդյունքում օրենքի նախագծում ու դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունների վերաբերյալ բազմիցս հայտնել ենք մեր մտահոգությունը` գրավոր դիմելով ՀՀ վարչապետին և ԱԺ բոլոր պատգամավորներին: Նախագծի հեղինակներից որևէ պատասխան առ այսօր չենք ստացել, սակայն նախագիծը առանց հավելյալ հանրային քննարկումների արտահերթ նիստի օրակարգում ընդգրկելը, ըստ էության, հստակ պատասխան է այն մասին, որ օրենքի նախագծի հեղինակները ցանկություն չունեն այն քննարկել շահագրգիռ կողմերի հետ և ականջալուր լինել առաջացող հիմնախնդիրներին, ավելին` առաջին և երկրորդ ընթերցումների միջև ժամանակ չնախատեսելով` օրենքի հեղինակները կրկին առաջնորդվում են Օրենքի նախագիծը հապշտապ ընդունելու և հանրության կարծիքը անտեսելու սկզբունքով: Նման գործելաոճը հակասում է հանրային կառավարություն ունեցող նախագծերի ընդունման ժողովրդավարական սկզբունքներին, և ևս մեկ անգամ ապացուցում այն, որ օրենքում կատարվող փոփոխությունների նպատակը բացառապես մեկն է` աշխատող եւ մայրացող կանանց հաշվին տնտեսել ՀՀ պետական բյուջեից ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար գոյացող փոխհատուցումները:

Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ Կառավարության և ԱԺ նման գործելաոճը, և ևս մեկ անգամ կոչ անում հետ կանչել օրենքի նախագիծը, և այն հավուր պատշաճի քննարկել հանրության ու շահագրգիռ բոլոր կողմերի հետ` գտնելու այնպիսի լուծումներ, որոնցից չի տուժի օրինաբար աշխատող ՀՀ և ոչ մի քաղաքացի:

Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը