Քաղաքական

14.11.2014 14:12


Ստեփան Մարգարյան. «Շտաբներն օղակ են լինելու ժողովրդի հետ»

Ստեփան Մարգարյան. «Շտաբներն օղակ են լինելու ժողովրդի հետ»

ԱԺ ճեպացրույցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը «7օր»–ի հարցին ի պատասխան՝ հայտնել է, որ համաժողովրդական շարժման շտաբների ձևավորման գործընթացը շարունակվում է։

–Այդ շտաբներն օղակ են լինելու ժողովրդի հետ: Շտաբների ձևավորումը շատ կարևոր օղակ է լինելու հանրահավաքների կազմակերպման համար: Մենք պետք է ունենանք ամբողջական պատկեր, որից հետո կհայտարարենք հանրահավաքի մասին: Մենք ուզում ենք շտաբների միջոցով մոբիլիզացնել ժողովրդին։ Եթե ոչ կուլմինացիային հասած, ապա ակտիվացած վիճակ է հիմա, բայց դեռ անելու աշխատանքներ կան։ Հանրահավաքներ կսկսենք այն ժամանակ, երբ շտաբները կբերեն տրամադրությունների պատկերը, և երբ մենք կունենանք դա, շատ արագ կհայտարարենք հանրահավաքի մասին։ Շտաբների օգնությամբ մենք ուզում ենք շարժումն ընդլայնել,–ասել է Ս. Մարգարյանը՝ ընդգծելով, որ սխալ է հանրահավաք անել միայն նրա համար, որ նախորդ հանրահավաքից երկար ժամանակ է անցել:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն էլ ավելացրել է, որ մարզերում համաժողովրդական շարժման շտաբների ձևավորմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում հարցումներ էլ են անցկացվում։

–Մասիս քաղաքում և Արմավիրի մարզում արդեն իսկ բացվել է համաժողովրդական շարժման գրասենյակ, իսկ մասնակիցները փորձել են հասկանալ ժողովրդի տրամադրությունը, և պարզվել է, որ դժգոհությունը նույնիսկ մեր սպասածից ավելին է,–նշել է Է. Վարդանյանը:

Ինչ վերաբերում է 12 կետերին, Ս. Մարգարյանը նշել է, որ դրանք կատարելու համար իշխանության հետ քննարկումներ պետք չեն.

–Եթե կան կետեր, որոնք իշխանությունները կասեն, որ չեն պատկերացնում դրա լուծման ձևերը, ապա մենք պատրաստ ենք ներկայացնել մեր պատկերացումը: Իսկ եթե առաջարկեն, օրինակ, եկեք քննարկենք, թե կարմիր գծերի հարցը ոնց անենք, դա ծիծաղելի կլինի։

Ս. Մարգարյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԲՀԿ-ն գնալու է մինչև վերջ, և ժողովրդին չի հիասթափեցնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը