Կարծիք

12.11.2014 17:11


Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Նոյեմբերի 10-ին «Արմենպրեսին» տված Սերժ Սարգսյանի հարցազրույցում որոշ մտքեր շարունակում են ակտիվ քննարկան թեմա մնալ այն պարզ պատճառով, որ իշխանություններն ամենաբարձր մակարդակով կարծես ուզում են վերանայել իրենց մոտեցումները «եռյակի» ու նրա նախաձեռնած համաժողովրդական պայքարի ճնշման արդյունքում:

«Վերջին բոշևիկը» Կառավարությանն առաջարկել էր նորից անդրադառնալ 12–կետանոց պահանջին, կետ առ կետ քննարկել այդ փաստաթուղթը և նշել կոնկրետ այն գործընթացները, որոնցով իրականացնելու են այդ կետերը: Եվ թեպետ իշխանության որոշ ներկայացուցիչներ շտապեցին հայտարարել, թե գործող նախագահի հարցազրույցում կոնկրետ նշված չէ 12 կետերի պարտադիր կատարման մասին, բայց ո՞ւմ պարզ չէ, որ Սարգսյանն ընդառաջ քայլ անելով՝ միաժամանակ չի ցանկանում, որ այն դիտարկվի որպես զիջում, քանի որ դա կարող է վկայել իր թուլության մասին, դրա համար է այն հնչեցրել այդպես լզոզված, որ սեփական թիմի մոտ անգամ տարընթեցումների տեղիք է տվել: Բայց, միևնույն է, իշխանական բուրգում հնարավոր չէ թաքցնել, որ Սերժ Սարգսյանի դիրքերը երերուն են։

Սարգսյանի թուլությունը ցույց չտալու համար վերահսկվող լրատվամիջոցները սկսել են կեղծ լուրեր տարածել, թե, իբր, ՀՀԿ ղեկավարն ամենևին էլ զիջումների չի գնում։ Ու թեև դա այդպես չէ, բայց եթե մի պահ ենթադրենք, որ Սարգսյանը փորձում է խուսանավել ու ոչինչ չանել, ապա կրկին վատ բան է ստացվում։

Եթե հավատալու լինենք նախագահականի քարոզչամեքենային, ապա ստացվում է, որ դրսում Սարգսյանը պատրաստ է զիջել ամեն ինչ՝ Հայաստանն էլ Ղարաբաղն էլ, իսկ երկրի ներսում ժողովրդին ու նրա պայքարին տեր կանգնող քաղաքական ուժերին՝ ոչ մի զիջում:

Ու կարիք չկա այս վերջին նախաձեռնությունը ներկայացնել որպես Սարգսյանի կողմից բարի կամքի դրսևորոմ: Եթե այնքան միամիտ լինեինք ու հավատայինք դրան, ապա այդ 12 կետերում, բացի Կառավարությանը վերաբերող հարցերից, կա նաև պահանջ՝ 10-րդ կետը, որը զուտ քաղաքական լուծում է պահանջում՝ Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, ընտրություններն անցկացնել 100% համամասնական ընտրակարգով և ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ցուցակները: Բայց այս դեպքում պատրաստակամություն չհայտնելով՝ Սարգսյանը խոսում է սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին: Դա արդեն ցույց է տալիս, որ կա անկեղծության պակաս, ինչը որևէ մեկին չի զարմացնում։

Կուզենայի մի քանի նկատառում ներկայացնել այս թեմայով։

Նախ՝ 12–կետանոց պահանջը մերժվել է իշխանությունների կողմից, ու արդեն «եռյակն» անցել է իշխանափոխության ծրագրի կյանքի կոչելուն, ուստի Սարգսյանի այս պատրաստակամությունը ուշացած նախաձեռնություն է:

Երկրորդ՝ «եռյակը» հստակ ձևակերպել է ամբողջական իշխանափոխության իր նպատակը, ուստի գնալ կոմպրոմիսի ու Կառավարության հետ որոշ կետերի շուրջ բանակցել անիմաստ է:

Երրորդ՝ քաղաքական լայն կոնսոլիդացիայի մասին խոսել, երբ «եռյակի» անդամ կուսակցությունները հստակ հայտնել են, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, այդ դեպքում իշխանությունները ո՞ր համագործակցության մասին են խոսում, հույսներն ինչի՞ վրա են դրել, որ մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը կհամոզե՞ն «եռյակին», թե՞ կփորձեն պառակտելու ուղղությամբ քայլերը շարունակել: Համոզելը չեն համոզի, իսկ «եռյակը» պառակտելու մտադրությունը մտադրություն էլ կմնա, քանզի ամեն ինչ շատ պարզ է բոլորի համար։

Այնպես որ, Սարգսյանի հերթական հարցազրույցը ոչինչ չասող, ոչինչ չտվող ու հասարակության մոտ ոչ մի հույս չարթնացնող խոսք էր։ Եվ հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ուղղված այդ հարցազրույցը։

Մնում է հիշել կենդանի դասականի հայտնի խոսքերն ու հարցնել. «Նման որակի հարցազրույց ես տալիս, որ ի՞նչ անես»:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203317729686513?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը