Լրահոս

12.11.2014 14:17


Տիգրան Ուրիխանյան. «Բյուջեն լուծում է «յոլա տանելու» խնդիր» (տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյան. «Բյուջեն լուծում է «յոլա տանելու» խնդիր» (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կարծիքով 2015թ. բյուջեն սոցիալական անվանելու Կառավարության ջանքերն ապարդյուն են, քանի որ երբ, օրինակ, կարդում ես ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները, չես կարողանում հասկանալ և ընկալել, թե ինչպես պետք է նպաստների մի քանի հազար դրամ ավելացմամբ ընտանիքներն իրենց կենսամակարդակը բարձրացնեն։

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ աղքատությունը կազմում է 32 տոկոս, իսկ գործազրկությունը՝ 18 տոկոս, ինչը բերում է ճգնաժամային մակարդակի հասած արտագաղթի։ Տնտեսելու և տնտեսության իրական սեկտորը ոտքի հանելու, արդյունաբերություն, գյուղատնտեսություն խթանելու փոխարեն՝ բյուջեն լուծում է «յոլա տանելու» խնդիր: Սպասվում է տրանսֆերտների ծավալի նվազում, սակայն այս խնդրի վերաբերյալ չկա որևէ լուրջ հաշվարկ և կանխատեսում, հետևաբար, չկա նաև միջոցառումների ծրագիր,–ԱԺ ամբիոնից ասել է Ուրիխանյանը:

Նա հասկանում է, որ Կառավարությունը ստացել է խայտառակ ժառանգություն անցած վեց տարիների ընթացքում համակարգը բոլոր հնարավոր ձևերով ջարդոտած Կառավարության կողմից, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտ է համարում ինչ-որ միջոցներ ձեռնարկելը.

–Անհրաժեշտ են ռադիկալ փոփոխություններ: Նախորդ Կառավարության ավիրած համակարգն այլևս նույնիսկ «յոլա տանելու» մակարդակով չի կարող գործել: Բյուջեն պետք է լցվի երկրում ձեռնարկատիրություն իրականացնող անհատների, ֆիզիկական անձանց և տնտեսվարող կառույցների գործունեության արդյունքում վճարված հարկերի միջոցով, այլ ոչ թե էստեղից-էնտեղից վերցրած տուգանքներով, տույժերով, հարկերով։ Ես կարծում եմ, որ այս բյուջեն բաղկացած է մտահոգություններից. այն մտահոգությունների բյուջե է:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը