Կարծիք

11.11.2014 13:39


Մերի Մովսիսյան. «Խոսքից գործ մեկ ամսում»

Մերի Մովսիսյան. «Խոսքից գործ մեկ ամսում»

Կարիք չկա «եռյակի» ուժը թերագնահատել, քանզի նրա գործունեության արդյունքները փաստարկված են։ Սակայն ուժերի անհիմն գերագնահատումն էլ կարող է կործանիչ հետևանքներ ունենալ. ամեն դեպքում, գործ ունենք պետական իշխանության հետ։
Այսպես, իշխանափոխության գործընթացի մեկնարկից, մասնավորապես՝ հոկտեմբերի 10-ից հետո մեկ ամիս է անցել, բայց երկրի քաղաքական կյանքում շոշափելի փոփոխություններ են կատարվել։
Երկրում փոխվել է ընդհանուր քաղաքական մթնոլորտը։ Ժողովրդի մտայնության մեջ հետ են մղվել մի շարք քաղաքական համոզմունքներ, օրինակ՝ «Ոչինչ էլ չի փոխվի»։ Մարդիկ հիմա տեսնում են, որ չկա նման բան. փոխվում է։ Մյուս օրինակը՝ «Թողես՝ մենակ խոսեն». ժողովուրդը տեսնում է, որ խոսքը նաև գործ է։ «Խոսքը գործ է». համամիտ եմ՝ դա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարգախոսն է, բայց, ինչպես տեսնում ենք, դա է պահանջում ժամանակի հրամայականը։

Երկրորդ անգամ հետաձգվեց սահմանադրական փոփոխությունների գնալու ժամկետը, որը զգալի զիջում է։ Սրա մասին արդեն բազմիցս խոսվել է։
Հաջորդը։ Համաժողովրդական շարժման միասնական գրասենյակների ձևավորման գործընթացը մեկնարկել է, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ՝ կուսակցության քաղխորհրդի նիստում տրվել են համապատասխան ցուցումներ՝ երկշաբաթյա ժամկետում ներկայացնելու կատարված աշխատանքների հաշվետվությունը։ Հիշեցնեմ, որ համաժողովրդական շարժման շտաբները մի շարք գործառույթներ են կատարում, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները՝

1. Շարժմանն ինստիտուցիոնալ տեսք ու բնույթ են տալիս,
2. Մոբիլիզացնում են երկրի հասարակության լայն շերտեր,
3. Արտահերթ ընտրություններին նախապատրաստվելուն են ծառայում,
4. Խթանում են ժողովրդավարացման գործընթացը՝ ապահովելով հասարակություն–պետություն կապը, հիմք հանդիսանում նոր քաղաքական մշակույթի ձևավորման։
«Եռյակի» մյուս ձեռքբերումներից մեկն էլ, ամսվա կտրվածքով, բխում է Սերժ Սարգսյանի երեկ տված հարցազրույցից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հազվադեպ է հարցազրույցներ տալիս (այն դեպքում, երբ ասելիք կամ էլ պատասխան տալու անհրաժեշտություն ունի), և սահմանափակվում է ինքնաասուլիսներով, ապա կարող ենք վստահաբար ենթադրել, որ այս անգամ էլ նա արձագանքել է «եռյակի» պահանջներին։ Պարզ է դառնում, որ Սարգսյանը, անկախ նրանից, թե ինչ կա նրա հետին մտքում, զիջողականություն է ցուցաբերում։ Դա էլ պետք է ազդանշան լինի ճնշումների ուժեղացմանը և ոչ մի դեպքում հակառակին։
Հիմա, վերը նշված 3-րդ կետից ելնելով և Սարգսյանի ցուցաբերած նահանջի համապատկերին, «եռյակը» պետք է ձեռնամուխ լինի «քառյակի» ներկայացրած 12 կետերի 9-10–րդ կետերի կատարումը պահանջելուն։ Այն է՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել, որով կսահմանվի 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգ, և ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում։
Բացի այդ, գործադիրում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում, իսկ մի շարք կարևոր պաշտոններ այդպես էլ թափուր են մնացել։ Ի դեպ, կառուցվածքային այդ փոփոխություններն անտրամաբանական են. դա նշանակում է, որ իշխանական բուրգը քիչ–քիչ էրոզիայի է ենթարկվում, որն էլ արդյունքում կհանգեցնի կազմաքանդման։
Ինչպես տեսնում ենք, մեկ ամսվա ընթացքում «եռյակին» հաջողվել է գործնականում հաջողությունների հասնել երկրի քաղաքական մենաշնորհը կոտրելու և իշխանափոխությունը խորացնելու գործում։ Ժողովրդի ակտիվության պարագայում իշխանափոխությունը հնարավորություն ունի իրականություն դառնալ օր առաջ։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը