Լրահոս

11.11.2014 10:41


Տեղեկատվություն Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Տեղեկատվություն Շիրակի մարզում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Շիրակի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած յոթ վիրավորներից մեկը հիվանդանոցային առաջին օգնությունից հետո դուրս է գրվել: 17-ամյա ուղևորի մոտ նախնական աշխտորոշմամբ կասկածվում էր գանգի հիմի կոտրվածք, ինչը հետագայում «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերքվել է, նրա վիճակն այժմ բավարար է, նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Մյուս հինգ տուժածի մասին. 14-ամյա պատանին, հիվանդանոց է տեղափոխվել բազուկների ու անրակների կոտրվածքներով, նրան կվիրահատեն: Պատահարի հետևանքով վիրավորներից մեկն ունի 35 տոկոս այրվածքներ, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երեք վիրավորի վիճակը միջին ծանրության է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ ժամը 19.18-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 08-11L պ/հ և «ԿամԱԶ» մակնիշի 533 SU 61 պ/հ (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել տուժածներ Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, 7 քաղաքացիներ մահացել են:
Հրշեջ-փրկարարներն այրված ավտոմեքենայից դուրս են բերել մահացածների դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։

Մահացածներն են՝ «Գազելի» վարորդը՝ Ռազմիկ Մկրտչյան (1955թ.), ուղեւորներ Մարինե Նազարյան (1959թ.), Արամայիս Շիրազունի (1954թ.), Վանիկ Սարգսյան (1994թ.), Դավիթ Հարությունյան (1994թ.), Հաբեթ Սեդրակյան (1962թ.) եւ Գայանե Սեդրակյան (1965թ.)։ Վերջին երկուսը ամուսիններ են։

Այս խորագրի վերջին նյութերը