Կարծիք

10.11.2014 12:15


«Եռյակի» ներսում տարաձայնությունը մարտավարական է, այլ ոչ թե ռազմավարական

«Եռյակի» ներսում տարաձայնությունը մարտավարական է, այլ ոչ թե ռազմավարական

Երեկ՝ կիրակի օրով, մի աժիոտաժ էր իշխանական ճամբարում, մի ուրախություն…

Իսկ պատճառն այն էր, որ, իրենց կարծիքով, տարաձայնություն էին հայտնաբերել «եռյակի» անդամ ուժերի տեսակետների մեջ առաջիկա պայքարի մարտավարության հարցում: Եվ շտապում էին չարախնդալ, թե արդեն պառակտվում են. այլևս միասնական հանդես գալ չեն կարող:

Իրականությունն այն է, որ տարաձայնություն, իրոք, կա, բայց մարտավարական հարցում։ Միջանկյալ ռազմավարական նպատակի, այն է՝ իշխանափոխության հարցում որևէ տարաձայնություն ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը» չունեն։

Մարտավարական տարաձայնության հարցի էությունն այն է, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարվեց, որ նախ տեղերում ստեղծվելու են «եռյակի» միասնական շտաբներ՝ հասարակությանն առավել մոբիլիզացնելու ու պայքարի կազմակեպական հարցերը պատշաճ մակարդակով իրականացնելու համար: Երկրորդ՝ հանրությանը դիմեցին հարթակից, թե՝ վստահեք մեզ, լիազորեք մեզ, ու մենք կանենք մեր անելիքն ու հետագայում այն կներկայացնենք ժողովրդի դատին: Հասարակությունը վստահեց, լիազորեց շտաբներ ստեղծել, ինչը հենց հանրահավաքում էր ազդարարվել, ուրեմն էլ ի՞նչ տարաձայնության մասին պետք է խոսք լիներ: Գուցե այն բանում, որ «եռյակի» անդամներից մեկը կարող է համարել, որ հարկավոր է տեղերում կառույցներ ձևավորելով՝ լուրջ աշխատանքներ տանել, հասնել այն բանին, որ պայքարի կուլմինացիան լինի Ազատության հրապարակի հաջորդ հավաքը, որն այս անգամ պետք է դառնա շուրջօրյա: Այսինքն, ոչ մի պարագայում համաժողովրդական շարժման շտաբները չեն կարող փոխարինել Ազատության հրապարակի հավաքներին. ընդհակառակը՝ սրանք պետք է միմյանց լրացնեն, ջանքերը համադրվեն, ոչ թե հակադրվեն:

«Եռյակի» մյուս կուսակցությունն էլ կարծում է, որ տեղերում շտաբների ձևավորումը պետք է տանել Ազատության հրապարակի հավաքներին զուգընթաց: Ճիշտն ասած, կարծում էի, թե տեսակետների նման տարբերությունները կարող էին լինել աշխատանքային քննարկման առարկա, ոչ հրապարակային: Մանավանդ որ, «եռյակի» լիդերները հանրահավաքից քարտ-բլանշ էին ստացել միասին աշխատելու և արդյունավետ լուծումներ գտնելու հարցում:

Այդուհանդերձ, ակնհայտ է, որ ամենամեծ ֆանտազիայի դեպքում անգամ այս տեսակետների տարբերությունները չի կարելի համարել ռազմավարական: Մեծ վերապահումով՝ հազիվ մարտավարականի ձգի, քանի որ, կրկնեմ, «եռյակի» անդամ ուժերը միակարծիք են իշխանափոխության հարցում, ու նաև, այդ նպատակին հասնելու համար, միասնաբար գործելու հարցում:

Այն ուժը, որը գտնում է, որ Ազատության հրապարակի հավաքների արանքում առաջացած պաուզան ճիշտ չէ, կարող է հանգիստ առաջիկայում հանրահավաք կազմակերպել ու գնալ շուրջօրյա նստացույցի։ Ուղղակի քաղաքական պայքարի այս փուլում արդյունավե՞տ կլինի դա, թե՞ ոչ՝ դժվար է ասել։ Հետևաբար, կարիք չկա, որպեսզի նման «էքսպերիմենտները» կատարվեն «եռյակի» անունից:

Իսկ եթե որևէ մեկը ցանկություն ունի իր հնարավորություններն ի ցույց դնելու, իր իրավունքն է: Ուղղակի համաժողովրդական շարժման տրամաբանությունն այն է, որ ամեն մեկը գալիս միանում է՝ ինչով կարողանում է, և աջակցում է շարժմանն իր ուժերի ներածի չափով: Եվ գործընկերների կարողությունները բացահայտելը, իմ ու քո անելը պատիվ չի բերի ուժեղին: Ուստի, տվյալ դեպքում ամենամեծ ռեսուրս ունեցող ԲՀԿ-ն իր տարածքներն է տրամադրում ու պատրաստակամություն հայտնում նոր շտաբներ բացել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, ու այդ շտաբների աշխատանքներին մասնակից պետք է լինեն համաժողովրդական շարժմանը միացած բոլոր ուժերը: Ճիշտն ասած, կարծում էի, թե այս հարցում հազիվ թե թյուրըմբռնում լիներ: Այնքան պարզ էր ԲՀԿ-ի նպատակն էլ, պատրաստակամության դրդապատճառն էլ:

Սա այնքան ակնհայտ է, որ կողմերը շուտով կարող են համարել թյուրիմացությունը հարթված, ու մեկ անգամ ուղղակի ֆիքսեն, թե այս կարգի փոքր հարցում եթե այսքան մեծ է իշխանությունների ուրախությունը, կնշանակի՝ վերջիններիս տխրելու ժամանակներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1497444913860624&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը