Կարծիք

08.11.2014 13:38


Փտած ծառը ճվճվալով չեն կտրում

Փտած ծառը ճվճվալով չեն կտրում

Ուրեմն իշխանական կայքերից մեկում Նիկոլ Փաշինայնի «Հայկական Ժամանակ» թերթից արտատպված նյութ եմ կարդում, որը վերնագրել են «Ծառուկյանն իր խոսքում ոչ մի անգամ չի օգտագործել «իշխանափոխություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտությունները»: Նյութի միտքը, բնականաբար, համապատասխանում է վերնագրին. այ-այ-այ, տեսե՛ք, Ծառուկյանը չի ասում «իշխանափոխություն» բառը, չի ցանկացել ցնցումների ճանապարհով գնալ, այլ որոշել է ինչ-որ շտաբներ ստեղծել, ծավալուն աշխատանքներ տանել և այլն:
Եվ վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր համաձայն են վերոնշյալ մտքի հետ: Մի կողմ թողնենք էն հարցը, թե ով է Նիկոլը, և իրականում ում շահերն է պաշտպանում: Դրա մասին բազմիցս գրվել է, և դրան անդրադառնալու կարիք էլ չկա:
Ավելի մտահոգիչ է էն փաստը, որ շատերը էդպես էլ չեն հասկացել, որ փտած ծառը ճվճվալով չեն կտրում: Կտրելու համար անհրաժեշտ է ռեալ աշխատանքներ տանել, համապատասխան գործիքներ ձեռք բերել ու մի պահ էլ մտածել, թե էդ ծառն ուր է ընկնելու: Էդպես են փտած ծառը կտրում: Իսկ եթե որոշեք սահմանափակվել միայն ճվճվալով, ապա ինչքան էլ «ես քեզ կտրում եմ» արտահայտությունը կրկնեք, ծառը ոնց կանգնել էր, տենց էլ կանգնած կմնա:
Ասածս ինչ է` իշխանափոխություն անելու համար հարկավոր է լայնածավալ նախապատրաստական աշխատանք կատարել, մարդկային ռեսուրսները մոբիլիզացնել, գործողությունների ծրագիր մշակել: էս ամենը թեև ժամանակ է պահանջում, բայց անհրաժեշտ պայման է իրական իշխանափոխություն իրականացնելու համար: Իշխանափոխությունը ճվճվալով չեն իրականացնում, այլ ռեալ գործողություններով և լայնածավալ աշխատանքով: Իսկ ինչ վերաբերվում է նրանց, ովքեր մեղադրում են նույն ԲՀԿ-ին էն բանի մեջ, որ մարդիկ որոշել է լրջորեն պատրաստվել, հետո նոր երկրի ապագան որոշող քայլեր ձեռնարկել, ապա մոտս հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ եք նստել ու բղավում. եթե իշխանափոխություն իրականացնելը, ձեր կարծիքով, էդքան հեշտ է, բա հելեք ու փայտը ձեռքին իշխանափոխություն իրականացրեք: Դո՛ւք արեք, մենք էլ ձեզ շնորհակալություն կասենք: Բայց դե, ախր, դուք շատ էլ լավ գիտեք, որ էդ ամենը հեշտ չէ, և շտապելու դեպքում կարող եք Շանթ Հարությունյանի (ում, ի դեպ, ես անչափ հարգում եմ, քանի որ մարդն իր խոսքի տերը եղավ) բախտին արժանանալ, քանի որ ինչքան էլ խոսենք էն բանի մասին, որ Սերժը թուլացել է և այլն, նա, այնուամենայնիվ, իր ձեռքերում բավականին մեծ վարչական ռեսուրսներ ունի, որոնց դեմն առնելն առանց լուրջ աշխատանքի անհնար է:
Էնպես որ, քննադատելը շատ հեշտ է, բայց իրականությունը շատ ավելի բարդ է, քան մեզ թվում է: Մեր նպատակը կործանվելը չէ, մեր նպատակը հաղթելն է, և դրա համար պետք է լուրջ աշխատանքներ տանել:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը