Կարծիք

07.11.2014 23:10


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ՄԵԼԻՔ–ԱԴԱՄՅԱՆԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Երեկվա ԲՀԿ քաղխորհրդի հայտարարությունը լայն արձագանք գտավ հանրության շրջանում:

Երբ հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարվեց, որ «եռյակի» միասնական շտաբներ են ստեղծվելու ամբողջ Հայաստանով, գուցե եղան նաև թերահավատներ, թե ինչու են հանրահավաքային պայքարին զուգահեռ՝ ստեղծվում կառույցներ, կամ ինչպե՞ս են շտաբները փոխարինելու հանրահավաքային պայքարին:
Երեկվա հայտարարությամբ, կարելի է ասել, փարատվեցին անգամ ամենավատատեսների կասկածները: ԲՀԿ-ն, որ բավարար կերպով ներկայացված է հանրապետության բոլոր բնակավայրերում, պատրաստակամորեն իր շտաբները համաժողովրդական շարժմանը տրամադրելու որոշում կայացրեց, իսկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ կլինի, նորերը կբացվեն: Այսինքն, հանրահավաքային պայքարը ոչ թե դադարեցվում է, այլ խնդիր է դրված է՛լ ավելի հզորացնել այն։

Գուցե միշտ էլ շտաբային գործունեության և ամբողջ Հայաստանով ներկայացվածությունն ապահովելու անհրաժեշտությունը գիտակցվել է տարբեր ընդդիմադիր ուժերի կողմից, բայց բավարար ռեսուրս չունենալու պատճառով չի լուծվել հարցը: Արդյունքում՝ մշտապես փորձել են ուժերը կենտրոնացնել միայն մայրաքաղաքում, ավելի ճիշտ՝ Երևանի կենտրոնում, ու փորձել են հաղթել համապետական ընտրություններում, որպեսզի հետագայում իշխանությունը վերցնեն նաև տեղերում: Բայց կյանքը ցույց է տվել, որ կենտրոնանալով միայն Երևանի վրա, ավելի կոնկրետ՝ Ազատության հրապարակի՝ հնարավոր չի եղել հասնել իշխանափոխության, իսկ դրանից հետո հիասթափությունն անխուսափելի է եղել:

Բավարար ռեսուրս չունենալու պատճառով մի շարք ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներ ուղղակի չեն կարողանում տեղերում մարդկանց ցավուդարդին ականջալուր լինել ու գործնական քայլերով աջակցել նրանց կամ բողոքը հասցնել՝ ուր որ պետքն է: Հիմա այդ սխեման արմատապես փոխվելու է։

Այսօր արդեն գործնական քայլեր են արվում երկրի ողջ տարածքում համապատասխան կառույցներով ու բավարար մարդկային ռեսուրսով ներկայացված լինելու նպատակով, ինչը լուրջ նախադրյալ է ոչ միայն իշխանափոխության, այլև ընտրությունների արդյունքում իշխանության գալու պարագայում բավարար կադրային ռեսուրս ունենալու համար:

Ի դեպ, այս պայքարում միան սա չէ նորությունը:

Գաղտնիք չէ, որ շատ-շատերը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում ուշի ուշով հետևում են, թե կհաջողվի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանին հաջողության հասնել: Չէ՞ որ նա դրսի գործարարներին երաշխիքներ է տալիս, որ գալով Հայաստան ու գումար ներդնելով մեր տնտեսության մեջ՝ կարող են հանգիստ լինել, որ իրենց չեն «գցի»: Բայց մարդիկ ուզում են համոզվել՝ իսկ կարո՞ղ է Ծառուկյանը նման երաշխիք տալ, երբ զօրուգիշեր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե մեր երկրում չի կարող սեփականատերը կամ գործարարը, եթե չի օգտվում իշխանության բարեհաճությունից, գոյատևել. անմիջապես կկորցնի ունեցած-չունեցածը: Այսինքն, բաց տեքստով հայտարարում են, որ մեր երկրում օրենքը գործում է ընտրողաբար: Դե, օտարերկրացին այսքանը լսելուց հետո ինչպե՞ս կարող է մեր երկում գումար ներդնել, երբ մտավախություն ունի, որ կարող են Ծառուկյանին անգամ ճնշել, էլ նա ինչպե՞ս կարող է իրենց գումարներին երաշխավոր լինել: Ուստի, դժվար չէ հասկանալ, որ «եռյակի» և, մասնավորապես, Ծառուկյանի հաղթանակի դեպքում դա չի լինելու սոսկ անձերի հաղթանակ, այլ մեր երկիրը թևակոխելու է որակապես նոր փուլ, երբ բիզնեսով զբաղվողները ստիպված չեն լինելու Բաղրամյան 26-ում տանիք փնտրել կամ Մելիք–Ադամյանով անցնել:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203289400178293?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը