Կարծիք

07.11.2014 12:11


Արտակարգ իրավիճակների Հայաստան

Արտակարգ իրավիճակների Հայաստան

Հանրապետությունում կուտակված հիմնահարցերն այնքան շատ են և բազմաբնույթ, որ անհնար է մեկ հրապարակման մեջ ամբողջությամբ ներկայացնել դրանք։ Սոցիալական աղետալի վիճակը կարող են ներկայացնել նվազագույն աշխատավարձ ստացողները, այդ մասին են վկայում նաև քաղաքացիների վարկային պատմությունները, դատարկված գյուղերը և, իհարկե, ինքնագոհ սպառող պետական այրերը:

Սակայն ասել, որ օրվա իշխանությունները ոչինչ չեն անում և ձեռքները ծալած նստած են, ճիշտ չէ, քանզի նրանք էլ ունեն իրենց խնդիրները և հատկապես վերատրադրության անհրաժեշտությունը:

Ինչևէ, այդ նպատակով նաև իրականացվում են վերադասավորումներ, ռոտացիաներ, ինչու չէ՝ նաև կառուցվածքային փոփոխություններ:

Եվ ահա, այստեղ հարկ է նշել, որ օրերս ՀՀ Արտակարգ իրավիճակների և Տարածքային կառավարման նախարարությունների միացումը, միաձուլումը և վերակազմավորումը միանգամայն ճիշտ է և հեռանկարային:

Այն, որ հանրապետության մարզերում և հատկապես օր օրի դատարկվող գյուղերում դժվար է գոյատևել, անհերքելի փաստ է: Միայն Լոռու մարզի Մարգահովիտ (Համզաչիման) գյուղից Ռուսաստանի Ուֆա քաղաքում աշխատում են Հայաստանից մեկնած 20 ընտանիքների անդամներ, որոնցից շատերը Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներ էին: Նրանք գալիս էին Հայաստան՝ իրենց ընտանիքներին տեսնելու, սակայն գարնանը կրկին վերադառնալու ծրագրով: Բայց պետք էր տեսնել միայն նրանց վիճակը և ըմբռնել, որ Հայաստանի գյուղերը ոչ թե տարածքային կառավարման անհրաժեշտություն ունեն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարության միջամտություն:

Եվ միանգամայն ճիշտ է, որ այդ երկու նախարարությունները միացվում են:

Կարծում եմ նաև, որ օրինաչափ է Եվրաինտեգրման նախարարության ստեղծումը, սակայն մի փոքր այլ անվանումով, քանզի Հայաստանը օր օրի իր արտագաղթող քաղաքացիներով ինտեգրվում է ոչ միայն Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ներքին կյանքին, այլ նաև կամաց-կամաց, բայց հետևողականորեն ինտեգրվելու ենք նաև այլ երկրներին:

Այնպես որ, նպատակահարմար է նոր կառույցը՝ նախարարությունը, պարզապես անվանել ինտեգրման, որտեղ ամբողջական գլխադասային ծառայություն կլինի միգրացիայի կառույցը:

Ինչ վերաբերում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ապա այստեղ հարկ է նշել, որ աղքատության 32-33% ցուցանիշին նպաստում է գործազրկությունը: Անհրաժեշտ է հիշատակել, որ նախարարությունը միայն վերջին մեկ տարում ներկայացրել է այնպիսի օրինագծեր, որոնք կա՛մ վատթարացրել են աշխատող քաղաքացու սոցիալական իրավիճակը, կա՛մ պարզապես եղել են ձախողված օրինագծեր. վկան՝ կենսաթոշակային կուտակային փաթեթը, աշխատող կանանց հղիության ու ծննդաբերության նպաստի կրճատումը:

Ստեղծված իրավիճակում առանձնակի կարևորվում է մարդու քայքայված առողջության վերականգնումը` ինտենսիվ թերապիա, որը կարող է և պետք է իրականացնի Առողջապահության նախարարությունը:

Տրամաբանական է Առողջապահության և Սոցիալական հարցերի նախարարության միաձուլումը՝ իբրև կառուցվածքային նոր լիազոր մարմին Կառավարության կազմում: Հայաստանում նվազագույն աշխատավարձով սոցիալական հարցեր չեն լուծվում: Հետևաբար, այդ երկուսի` Աշխատանքի և Սոցիալական հարցերի համատեղումը մեկ կառույցում արդեն արդիական չէ. այն եղել է խորհրդային տարիներին իբրև քաղաքականության դրսևորում:

Ինչ վերաբերվում է աշխատանքի հետ առնչվող խնդիրներին, ապա այն կարող է կազմակերպվել Էկոնոմիկայի նախարարության կազմում: Թեպետև, եթե ուշադիր հետևենք, ապա պարզից էլ պարզ է, որ Հայաստանում ինքնուրույն տնտեսության զարգացում չի նշմարվում: Փոքր առևտուրը դեռ տնտեսության զարգացում չէ, իսկ մեծ չափաբաժիններով կորպորացիաների գործունեությունը քվոտավորված է` ջուրը՝ ֆրանսիացիների կառավարմանը, հոսանքը և գազը՝ ռուսներից, ներհանրապետական ուղևորափոխադրումն էլ կկազմակերպի մեր ընտրանին՝ գծի տերերը:

Ներկայացված հրապարակումը մասնավոր կարծիք է և չի հանդիսանում Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի պաշտոնական տեսակետ և դիրքորոշում:

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Այս խորագրի վերջին նյութերը