Հարցազրույց

06.11.2014 16:35


Նարեկ Մարտոյան. «Հուսալքությանը փոխարինման է եկել պայքարի ուղին»

Նարեկ Մարտոյան. «Հուսալքությանը փոխարինման է եկել պայքարի ուղին»

Հարցազրույց «Երիտասարդների կողքին» ՀԿ աշխատակազմի ղեկավար Նարեկ Մարտոյանի հետ

–Սկսվել է համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը։ Համաձա՞յն եք, որ իշխանափոխության գործընթացն արդեն մտնում է գործնական փուլ։

–Այո, իհա՛րկե։ Հոկտեմբերի 24-ի համապետական հանրահավաքից հետո մթնոլորտը լիովին փոխվել է: Վստահ եմ, որ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը, և հուսով եմ՝ հասկացան, որ ներկայումս իրենց կողմից իրականացվող մեթոդներն ու քաղաքական քայլերն իրենց տանելու են փակուղի: Այժմ Հայաստանում ամեն ինչ և ամեն ոք պատրաստ է իշխանափոխության համար, և իրավիճակն, ըստ էության, երբևէ այնպիսի նախադրյալներ չի ունեցել, ինչպիսիք կան հիմա:

Այս ընթացքում իշխանությունը կարողացա՞վ որևէ ողջամիտ հակափաստարկ բերել համաժողովրդական շարժման ձևավորման անհրաժեշտության շուրջ։

–Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց տեսակետներն ու համոզմունքներն արտահայտեցին, որոնք, ըստ երևույթին, առնչություն չունեին համաժողովրդական շարժման հետ, իսկ նրանց դիրքորոշումները շատ զարմանալի էին և հասարակության համար՝ ուղղակի ծիծաղելի: Պետք է իրական աչքերով նայել, ականջալուր լինել և հաշվի նստել թե՛ «եռյակի» և թե՛ քաղաքացիների բարձրացրած պահանջների հետ:

–Հասարակական տրամադրությունների առումով էական փոփոխություն տեսնո՞ւմ եք. հուսալքությանն աստիճանաբար գալի՞ս է փոխարինելու սեփական ճակատագրին տեր կանգնելու գաղափարը։

–Այսօր մեր հասարակությունը, մեծ մասամբ՝ երիտասարդները, շատ ավելի քաղաքականացված են և իրենց հստակ դիրքորոշումներն ունեն, որոնք համապատասխանում են «եռյակի» գործելաոճին, ինչը, իրոք, շատ ողջունելի է: Մարդիկ հոգնել են, և այլևս հնարավոր չէ հանդուրժել ներկայիս իրավիճակը: Առաջին հերթին հանրությունն ի՛նքն է պահանջում և հետևողական մոտեցում ցուցաբերում, որպեսզի սկսված շարժումն ավարտին հասցվի: Այժմ հուսալքությանը փոխարինման է եկել պայքարի ուղին, որը ոտքի է հանել հասարակությանը, և ամեն ոք վճռականորեն է տրամադրված սեփական ճակատագրին տեր կանգնելուն: Սա հզոր շարժում է, որը «եռյակին» ստիպում է լինել զգոն և հետևողականորեն պայքարել սեփական գաղափարներն ի շահ երկրի կյանքի կոչելու համար:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը