Կարծիք

06.11.2014 16:23


Տնտեսագիտության նոր «օրենքը» և Շաբոյանի ծառայամտությունը

Տնտեսագիտության նոր «օրենքը» և Շաբոյանի ծառայամտությունը

Սերժ Սարգսյանի մենաշնորհային պատկերացումները հանրային կյանքի բոլոր ոլորտների հանդեպ՝ նորություն չեն: Բայց ամեն անգամ մի նոր իրավիճակի հետ բախվելով՝ չենք դադարում զարմանալ, թե մինչև ուր կհասնի «վեջին բոլշևիկի» մտքի թռիչքը:

Ժողովրդի ձայները կեղծեց 2008-ին, բայց հասարակական վստահության իմիտացիա ստեղծելու համար նախագահին առընթեր հանրային խորհուրդ «բացեց», թե՝ տեսեք, որ բոլորը չեն դեմ, սրանք էլ են հանրության մի հատվածը ներկայացնում, իր կողքին են: Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ կառույցը անիմաստ օրգան է:

Հայ-թուրքական արձանագրություններով Սարգսյանն իր դեմ հանեց Սփյուռքին ու Հայաստանի քաղաքացիների մեծ մասին, բայց դե, նրանց խաթրն առնելու իմիտացիա ստեղծելու համար ուզում էր բոլորին կազմակերպական առումով համախմբել մի կառույցում ու Սփյուռքի նախագահ կարգել իր կամակատարուհուն: Դա էլ ձախողվեց, ԱԺ-ում Սփյուռքի պալատ ստեղծելու աբսուրդ գաղափարն էլ: Արդյունքում՝ իրենց շոյված զգացած մեր սփյուռքահայ հայրենակիցները մեկ-մեկ հաճոյախոսում են Ազատիչի հասցեին ու վերջ:

Այսպես կարելի է երկար թվարկել, բայց որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին այսպիսի խղճուկ վիճակի մեջ կգցեր ու կդարձներ արհեստական մենաշնորհատերերի տնտեսական հարցերով փաստաբան, դա արդեն նորություն էր:

Սերժ Սարգսյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ մի փոքր երկրում բա քանի՞ հոգի եք ուզում՝ շաքարավազ ներկրեն: Խոսքն, իհարկե, հենց այդ ապրանքի մասին չէ. նույն հաջողությամբ ուրիշ ապրանք ներկրողներին էլ կարող է բաժին հասնել նման հաճելի ճակատագիր, քանի որ մեր երկիրը փոքր է: Այսինքն, «վերջին բոլշևիկը» տնտեսագիտության մեջ նոր խոսք ասաց, որ շուկայական հարաբերությունները դադարում են գործել 3 միլիոնից պակաս բնակչության ու երեսուն հազար քառ. կիլոմետրից պակաս տարածքի պարագայում: Ոչինչ, որ դրանով խախտվում է մեր երկրի Սահմանադրության միանգամից մի քանի հոդված՝ սկսած սպառողների շահերի պաշտպանության պետության պարտականությունից, վերջացրած շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումն արգելող դրույթով: Չէ՞ որ Սարգսյանը նախաձեռնել է փոխել Սահմանադրությունը, ուրեմն գործողն արդեն իր համար կարևոր չէ, ու կարող է հանգիստ խախտել: Ոչինչ, որ մեր երկրի անբաժանելի մասն են թե՛ Արցախը և թե՛ ազատագրված տարածքները, և երեսուն հազարից մեծ է մեր երկիրը, Սարգսյանը դրա ձևն էլ է գտել ու առնվազն հայտարարությունների մակարդակով հրաժարվել Արցախից էլ, ազատագրված տարածքներից էլ: Ոչինչ, որ վերջին մարդահամարով՝ 3 միլիոնից շատ ենք. հիմա հետևողականորեն պետական մակարդակով լայն թափով իրականացվում են հայաթափման աշխատանքներ մեր երկրում, որպեսզի տնտեսագիտական նոր «օրենքը» գործի:

Ու այս ֆոնին գրագետ մարդիկ, պրոֆեսիոնալներ, որոնք բարձր աշխատավարձեր են ստանում մեր՝ հարկատուներիս հաշվին, դրել են ու մեզ համոզում են, թե ինչու պետք է մեր երկրում մենաշնորհներ լինեն, կամ որ մեծ ծավալի ներկրողի համար առավելություն կա, ու նա դրանից է օգտվում, ոչ թե իր դիրքն է չարաշահում:

Սերժ Սարգսյանը հեռակա ավատել է բանասիրական ֆակուլտետը, տնտեսագիտության մեջ նրա գիտելիքների բացակայությունը հասկանալի է, ուշ թե շուտ, իսկ ավելի ճիշտ՝ շուտով, կանցնի թոշակի. բա իրենց գործի մասնագետնե՞րը, մասնավորապես՝ Շաբոյանը, որ դեռ երիտասարդ է, իշխանափոխությունից հետո ի՞նչ է անելու: Լավ, բա կարելի՞ է այսպես ոտքի տակի շոր դառնալ Սարգսյանին հաճոյանալու համար։ Ախր, վաղը ձեզ մի մենաշնորհային պահեստի պահակ էլ չեն թողնի՝ աշխատեք: Ձեր երեխաներին ի՞նչ արժեքներով եք դաստիարակում հիմա, որ վաղն ինչ մասնագետ դառնան, երբ այսօրվա ձեր կապերը ոչ միայն չեն օգնելու, այլև խարանի պես խանգարելու են:

Հայրենիքի մասին չեք մտածում, պարզ է, թե ինչու. դրա չափի ուղեղի ծավալ չունեք, գոնե ձեր երեխաների ապագայի մասին մտածեք: Չէ՞ որ հիմա այս ողորմելի վիճակում եք հայտնվել երեխա պահելով արդարանալու համար:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1495918220679960&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը