Տնտեսական

06.11.2014 14:24


Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին

Ավելացված արժեքի հարկը վերադարձվում է արտահանողներին

Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով արտահանողներին օրենքով սահմանված ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել է 7.145.000,0 հազար դրամ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ԱԱՀ-ի վերադարձի գումարների տրամադրումը, ասել է. «Արդեն մոտ 10 մլրդ դրամ պահուստային ֆոնդից հատկացրել ենք: Սա մեծ աջակցություն է մեր բիզնես միջավայրին, սրանք լրացուցիչ միջոցներ են, որ կներթափանցեն գործարար միջավայր»:
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքը, կառավարությունը որոշել է կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2015» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերը: Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը: «Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - ասել է վարչապետը:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ընդունվել է համապատասխան որոշում, ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը