Կարծիք

06.11.2014 12:24


Համաժողովրդական շարժումն ուղղակի պարտավոր է մարդկանց համընդհանուր դժգոհությունը նյութականացնել

Համաժողովրդական շարժումն ուղղակի պարտավոր է մարդկանց համընդհանուր դժգոհությունը նյութականացնել

Մեր երկրում բժիշկներն այնպիսի աշխատավարձ են ստանում, որ ասելն ամոթ է: Օրվա հացի խնդրով մտահոգված ուսուցիչը չի կարող ամեն օր եռանդով զբաղվել սերունդ կրթելով, քանզի իր մտքերն այն մասին են, թե ոնց սեփական ընտանիքը ապահովի, ոնց անի որ, ձմռանը տանը տաք լինի և ոչ ոք չհիվանդանա: Թոշակառուները, կներեք խոսքերիս համար, երևի, վախենում են մահանալ, որովհետև չեն կարող հոգալ իրենց հուղարկավորության ծախսը:

Մեծ ցավով պետք է նշեմ, որ մեր երկրում մարդիկ իրավունք չունեն մտածելու անգամ այնպիսի «շքեղության» մասին, ինչպիսին է ամառային արձակուրդը՝ ինչ-որ առողջարանում կամ, առավելևս, ծովի ափին: Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր երկրում մարդն իրավունք չունի հիվանդանալու, որովհետև թանկ է...

Ավելացնեմ նաև, որ Սերժ Սարգսյանի իշխանության մնալու ամեն օրը բիզնեսմենների համար հավասար է մի քանի հազար դոլարի կորստի:

Հասարակության լայն շերտերը դժգոհ են երկրում առկա վիճակից, սակայն այդ մարդկանց բոլորին պետք է ներգրավել շարժման մեջ. միայն այդ պարագայում մենք երկրում փոփոխությունների կհասնենք: Ընդդիմությունը գործելու այլ ճանապարհ չունի, բոլոր ռեսուրսները պետք է ուղել նրան, որ երկրում իշխանափոխության համար անհրաժեշտ իրավիճակ ստեղծվի: Պետք է այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որ նույնիսկ միացրած հարդուկից կոչ հնչի՝ միանալ շարժմանը: Վերջինը, իհարկե, փոքր-ինչ էպոտաժային խոսք էր, սակայն ուզում եմ, որ բոլորը միտքս հասկանան:

Մինչև ամեն մեկս մեզ երկրում ձևավորվող շարժման մասնիկը չզգանք, ոչինչ չենք կարող փոխել: Դրա համար պետք է ընդդիմությունը ջանք ու եռանդ չխնայի, ժողովրդի հետ աշխատի ու բոլորիս համար իշխանափոխության հարցը օրակարգային սարքի:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը