Լրահոս

06.11.2014 11:44


Տեղի կունենա Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողով

Տեղի կունենա Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողով

Նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-թանգարանի նոր մասնաշենքի նիստերի դահլիճում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովը, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև կստորագրվի դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հալեվումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման հուշագրեր: ՌԴ և ՀՀ ազգային բժշկական պալատները և Հայաստանի առողջապահության կազմակերպիչների ասոցիացիան կստորագրեն համագործակցության մասին պայմանագիր:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր և մանկան առողջության ոլորտի, դեղերի շրջանառությանը, ինչպես նաև առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո`ճեպազրույցի ժամանակ Արմեն Մուրադյանը և Վերոնիկա Սկվորցովան կպատասխանեն լրագրողների հարցերին:

Նույն օրը Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարները կայցելեն «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն: Հյուրերին կներկայացվեն նյարդաբանական հիվանդությունների ախտորոշման և բուժման` տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի կենտրոնի հնարավորությունները:

Այնուհետև պատվիրակությունը կայցելի Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան: ԵրՊԲՀ վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում տեղի կունենա մանկական արյունաբանության խնդիրներին նվիրված միջոցառում։

Այս խորագրի վերջին նյութերը