Կարծիք

06.11.2014 09:11


Ստեփանակերտից դեպի ինքնորոշվելու փորձ կատարող ժողովուրդներ

Ստեփանակերտից դեպի ինքնորոշվելու փորձ կատարող ժողովուրդներ

Արցախի Հանրապետության արտգործնախարարի այցելությունը Կանադա տեղավորվում է Արցախի բարձրաստիճան պաշտոնատարների տարբեր երկրներ այցելության, Արցախի քաղաքական խնդիրները միջազգային շրջանակներում արծարծելու, ադրբեջանական ապակողմնորոշող քաղաքականության դիմաց առարկայական տվյալներ փոխանցելու եւ իհարկե տեղի հայ հայմանքներին հետ հանդիպումներ ունենալու ընդհանուր պարունակում:

Կանադա կատարված այցելության նկարագրականը եւս այդ տպավորությունն ու համոզումն են փոխանցում: Կարելի է ասել, որ այս բոլորի մասին պաշտոնական լրատվությունը բավական զուսպ է եւ չի բացում բոլոր փակագծերը: Որոշ շեշտադրումներ Ստեփանակերտի ճշտած առաջադրանքների մասին ընդհանուր տեղեկություն են փոխանցում : Պետք է կարեւոր նկատել լրատվության հետեւյալ բաժինը. Քվեբեկի նահանգային խորհրդարանի անդամների հետ հանդիպման ընթացքում Արցախի արտգործնախարարը ներկայացրել է Արցախ-Ադրբեջան տագնապի լուծման հոլովույթի ներկա փուլը, լուծման հարցում Ստեփանակերտի դիրքորոշումն ու մոտեցումները: Կողմերը նաեւ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական պետականաշինության հոլովույթին եւ դրա ուղղությամբ արձանագրված նվաճումներին: Մտքեր են փոխանակվել նաեւ համագործակցության հնարավորությունների շուրջ:

Խորքի մեջ այս հանդիպումը եզրափակել է Միրզոյանի գործուղումը Կանադա: Այս հանդիպման ընթացքում Արցախի պատվիարկությունը հատկապես խոսել է Արցախում ժողովրդավարական հիմունքներով պետականաշինության եւ այդ ուղղությամբ արձանագրված նվաճումների մասին: Հետզհետե ավելի մոտենանք փակագծերում ամփոփված բովանդակությանը: ժողովրդավարական հիմունքի վրա պետականաշինության մեկնարկը համաժողովրդային հանրաքվեն է, որը միջազգային օրենքին համահունչ նվիրականացնում եւ իրավականացնում է ինքնորոշման սկզբունքը:

Վերադառնանք Քվեբեկ. հիշենք անմիջապես շուրջ մեկուկես ամիս առաջ Միրզոյանի կատարած այցելությունը Բասկերի երկիր: Այդ առիթով, Ստեփանակերտ եւ Դոնոստիա քաղաքների միջեւ ստորագրվել էր համագործակցության համաձայնագիր, որի մեջ նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության եւ փոխշահավետության սկզբունքների վրա, պիտի իրականացնեն փորձառության փոխանակում եւ համագործակցություն տարբեր մարզերում:

Քվեբեկի հետ եւս Ստեփանակերտը խորհրդակցել էր համագործակցության հնարավորությունների շուրջ: Հիմա ավելի պարզ է դառնում, որ ինքնորոշման ճանապարհի վրա գտնվող ժողովուրդներն ու նրանց ներկայացնող քաղաքական ներկայացուցչությունները Արցախի կողմից ճշտվել են որպես գործուղման աշխատանքային թիրախ: Արցախը հանրաքվեի ճանապարհով ինքնորոշված լինելու, պետականություն հաստատելու եւ պետականաշինության առումով ճամնապարհ անցած լինելու իր փորձառություններն է փոխանցում ինքնորոշում առաջադրած ժողովուրդների ներկայացուցիչներին: Այստեղ հավանաբար երկրորդական է հանրաքվեի արդյունքը կամ տվյալ տարածքի ու ժողովրդի ինքնորոշված լինելու փաստի միջազգային գնահատականը: Խնդիրը, որ իբրեւ առաջադրանք հայտնաբար արծարծման ենթակա է դառնում Ստեփանակերտի կողմից, պետք է դիտարկել փորձառությունների փոխանակման փոխշահավետ համագործակցության ուղիների հաստատման շրջագծում:

Ինչու չէ. նման համագործակցությունները իրենց դրական ազդեցությունն են ունենում Արցախի անկախության ճանաչման հիմնական օրակարգի իրականացման աշխատանքում:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը