Կարծիք

05.11.2014 22:42


ՈՒՆԵ՞Ս ԱՐԴՅՈՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՍՈՎՈՐԵՑՆՈՂԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ

ՈՒՆԵ՞Ս ԱՐԴՅՈՔ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՍՈՎՈՐԵՑՆՈՂԻՆ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒ

Վերջերս հիացական շեշտադրումներով համացանցում լայնորեն տարածում էին Աբրահամ Լինքոլնի նամակը՝ հասցեագրված իր երեխայի ուսուցչին: Դե, ինչպես հատուկ է համացանցային նյութերին, բուռն քննակվում է մեկ-երկու օր, ու այդ թեման փակվում: Բայց երբ երեկ առավոտյան «Ֆեյսբուքում» հանդիպեցի, որ միանգամից մի քանի հոգի են տարածել այն՝ կարծես նոր թափ հաղորդելով այդ նամակի տարածմանը, պարտքս համարեցի մի կողմ թողնել առօրյա քաղաքական թեմաներն ու անդրադառնալ դրան:

Միշտ էլ բարձր եմ գնահատել ԱՄՆ 16-րդ նախագահի կերպարը: Բավական է նշել, որ նա քաղաքացիական պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ նոր որակի պետություն կերտելու հիմքերը դրեց ԱՄՆ-ում: Էլ չեմ խոսում այն մասին, որ դեռ քաղաքացիական պատերազմի օրերին՝ 1862-ին, Լինքոլնը ստորագրեց «Ստրուկների ազատագրման հռչակագիրը»՝ ԱՄՆ-ի դեմ ապստամբած տարածքներում ապրող սևամորթներին հայտարարելով «այժմ և ընդմիշտ» ազատ։ Փաստաթուղթն ազդակ եղավ ամերիկյան Սահմանադրության 13-րդ փոփոխության (1865թ), որով լիովին վերացվեց ստրկությունը Միացյալ Նահանգներում։
Բայց երբ որպես երկրի թիվ մեկ պաշտոնյա՝ քեզ իրավունք ես վերապահում ուսուցչին սովորեցնել, թե նա ինչ պետք է սովորեցնի, և ինչպես, ինչ արժեքներ սերմանի երեխայի մոտ, որքան էլ դրանք կարևոր լինեն, համարում եմ ոչ կոռեկտ: Ու ինձ այլևս չի հետաքրքրում, թե ինչ վեհ արժեքներով էր ինքն առաջակում դաստիարակել իր զավակին:
Բովանդակային առումով այդ նամակը պաշտոնեական դիրքի չարաշահում է նշանակում, եթե ոչ իրավական տեսանկյունից, ապա գոնե հասարակական հարաբերությունների հարթության վրա, ասել է թե՝ էթիկայի նորմերի կոպիտ խախտում:
Չեմ կասկածում, որ ինքնուս իրավաբան Աբրահամը ոչ պակաս արժեքավոր խորհուրդներ կտար իր երեխայի բժշկին, թե ինչպես պետք է բուժել կամ վիրահատել: Այնպես որ, հիանալ այս նամակով միայն կարելի է համայնավարական ԽՍՀՄ-ի ուրվականի ազդեցության տակ գտնվելու պարագայում, երբ երկրի ամենաբարձր պաշտոնյան ոչ միայն «հազարափեշակ» անձնավորություն է, այլև յուրաքանչյուրից ավելի լավ գիտի նրա գործը:
Ես հասկանում եմ՝ մեր իշխանավորները սովոր են, որ մեր երկրում բոլոր հանձնարարությունները տրվում են մի շենքից, ավելի ստույգ՝ մի կաբինետից, թե՝ ինչ գումարի չարաշահում պետք է բացահայտի ստուգողը, որ մարդասպանն է արդար, իսկ որ ընդդիմադիրը՝ ծանր հանցագործ, որ լրագրողն ինչպես պիտի նյութ պատրաստի, որպեսզի երկրում գաղջ մթնոլորտ լինի կամ չլինի, բայց համացանցում ոնց որ թե այն սերունդն է առավել ակտիվ, որ պիտի ազատամիտ լիներ. նրա՞նք այս նամակից ինչի են հիացած:
Միակ ներելին այն է, որ Լինքոլնն այն գրել է իր երկրում ստրկությունն օրենսդրորեն վերացվելուց 10 տարի առաջ, իսկ մենք 21-րդ դարում ենք այդպես մտածում, այդ իսկ պատճառով մեր պարագայում դա պարզապես աններելի է:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203278239259277?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը