Լրահոս

21.09.2009 16:27


«Երկիրը կառավարում են ոչ անկախ դաստիարակություն ստացած խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչները, որոնց համար հայրենիքը ոչ թե անկախ Հայաստանն է, այլ Խորհրդային Միությունը»

Հայաստանի Հանրապետության 18-րդ հոբելյանի օրը Գյումրին ապրում է իր բնականոն և միապաղաղ կյանքով: Հանրապետության երկրորդ քաղաքում ոչ մի տոնական ատրիբուտ կամ միջոցառում նույնիսկ հեռակա կարգով չեն հիշեցնում օրվա խորհրդի մասին:

Քաղաքում տիրող ընդհանուր տրամադրությունից տպավորություն է ստեղծվում, որ այսօր  ամենասովորական ոչ աշխատանքային օր է. գյումրեցիներից շատերը նույնիսկ դժվարանում են հիշել, թե իրականում այսօր ինչ տոն է:

Միայն տարբեր տոների առթիվ արդեն ավանդական դարձած մարզի և քաղաքի ղեկավարների և որոշ պատգամավորների հեռուստատեսային վերամբարձ տեքստով շնորհավորական ուղերձներն են ժամը մեկ հաճախանականությամբ գյումրեցիներին անհանգստացնում և հիշեցնում, որ այսօր նորանկախ հանրապետությունը դարձավ 18 տարեկան:

Ի՞նչն է նման անտարբերության պատճառը, փորձեցինք պարզել Գյումրիում գործող կուսակցությունների ներկայացուցիչներից, որոնք ևս ոչ մի փորձ չէին արել իրենց հնարավորությունների սահմաններում բացը լրացնելու:

ԱԺՄ ՇՄ կառույցի ղեկավար Վահան Թումասյանի կարծիքով պատճառը համընդհանուր հիասթափությունն է, ինչն էլ հանգեցրել է այս իրավիճակին. «Ըստ իս՝ դրա համար երեք պատճառ կա.

1.      Անկախությունը մեզ բավականին հեշտ է տրվել, և նրա իրական արժեքը չեն կարողանում գնահատել:

2.      Անկախությունը նպատակ չէ, այլ միջոց: Այն պետք է դառնար բարեկեցիկ կյանքի միջոց յուրաքանչյուրի համար, սակայն այսօր իրավիճակն այդպիսին չէ:

3.      Եվ ամենակարևորը՝ երկիրը կառավարում են ոչ անկախ դաստիարակություն ստացած խորհրդային  նոմենկլատուրայի ներկայացուցիչները, որոնց համար հայրենիքը ոչ թե անկախ Հայաստանն է, այլ Խորհրդային Միությունը. անկախ Հայաստանն իրենց համար օտար պետություն է»,-մեկնաբանում է Վահան Թումասյանը:

«Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ քաղաքական կուսակցությունները չեն փորձում ինչ-որ կերպ շտկել իրավիճակը» հարցին ԱԺՄ ՇՄ կառույցի ղեկավարը պատասխանել է. «Հայաստանում կուսակցական համակարգ գոյություն չունի. քաղաքականությունը Հայաստանում սահմանափակվում է միայն Երևանի  տարածքով: Իսկ մարզերում կուսակցական ապակենտրոն գործունեության համար չկա համապատասխան օրենսդրական դաշտ, քաղաքական մշակույթ և քաղաքական կամք: Դրա համար էլ նրանք ո՞ր դեպքում են ինչ արել, որ անկախության օրն ինչ անեն: Լավագույն դեպքում կարող են գինարբուք կազմակերպել և ակախության վերաբերյալ կենացներ ասել»:

Այս առումով իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀԿ Գյումրիի 3-րդ տարածքային կառույցի ղեկավար Բորիս Ալեքսանովը հիմնական մեղքի բաժինը հատկացնում է մարզային և քաղաքային իշխանություններին:

«Գիտե՞ք, իմ կարծիքով Անկախության տոնը հավուր պատշաճի նշելը մարզային և քաղաքային իշխանությունների սրբազան պարտականությունն է: Այո՛, այսօր մենք հավուր պատշաճի չենք տոնում Անկախության տոնը»,- ասում է Բ. Ալեքսանովը:

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունները չեն փորձում ինչ- որ կերպ լրացնել բացը, պատասխանել է. «Իմ կարծիքով կուսակցությունները ոչ թե պետք է ինչ-որ բան կազմակերպեն, այլ մասնակցեն տոնակատարություններին: Օրինակ՝ մեր հանրապետականներով այսօր զանգահարել ենք միմյանց, շնորհավորել, հավաքվել, խոսել, հարցրել ենք, թե որտե՞ղ է միջոցառում կազմակերպվել՝ օրվա խորհդի հետ կապված, բայց ոչ ոք ոչնչից տեղյակ չէր»:

Միակ միջոցառումը, որը կարող է տեղի ունենալ,  կենտրոնական հրապարակում կազմակերպվելիք տոնական համերգն է:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը