Կարծիք

05.11.2014 09:50


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Դանդաղ շտապելու բանաձևը մնում է ուժի մեջ

Այն, որ «եռյակի» հոկտեմբերի 10-ի ու 24-ի հանրահավաքներն ունեին իրենց կոնկրետ նշանակությունն ու նպատակը, կասկածից վեր է: Ու թեպետ հաջորդ հանրահավաքի օրը չի հայտարարվել, բայց փոխարենը նշվել է, որ սկսվում են տեղերում շտաբների ձևավորման աշխատանքները, որոնք ունենալու են թե՛ իշխանափոխության աշխատանքները գրագետ ձևով կազմակերպելու ֆունկցիա այսօր, և թե՛ որպես նախընտրական շտաբներ ծառայելու ֆունկցիա՝ վաղը: Ու պարզից էլ պարզ է, որ այս անգամ վերջին տարիների փորձը հանգամանալից ուսումնասիրելու է «եռյակը», և չի կրկնի այն քայլերը, որոնք չեն հանգեցրել հաղթական արդյունքի: Բայց քանի որ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում ամեն պահի կարող է նաև կարիք լինել հանրահավաք կազմակերպելու, այդ նպատակով ուրբաթ օրերի համար համապատասխան իրազեկումներ են ուղարկվում Երևանի քաղաքապետարան:

Իրազեկումը տեխնիկական խնդիր է և միշտ էլ արվել է, և իզուր են իշխանությունները փորձում մանր բամբասանքներով, իբր, հարվածներ հասցնել, թե բա՝ տեսեք՝ հանրահավաք չեն անում։

Հանրահավաքի օրը չհայտարարելուց զարմանալիորեն ամենից շատ հուզվել են իշխանության սպասարկուները, թե ինչո՞ւ հանրահավաք չեն անում, երբ նախապես իրազեկել են, կամ՝ բա որ ժողովուրդը հիասթափվի՞: Ժողովուրդը Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունից այնպես է հիասթափված, որ հաջորդ հանրահավաքն Արագածի գագաթին էլ արվի՝ կմասնակցեն:

Փաստն այն է, որ իշխանությունները ցանկանում են, որպեսզի «եռյակի» գործողությունները լինեն կանխատեսելի իրենց համար, ավելի ճիշտ՝ խաղան իշխանությունների սցենարով, որպեսզի հանգիստ կարողանան իրենց փորձված մեթոդներով ճնշել շարժումը կամ չեզոքացնել պայքարի վտանգը: Բայց «եռյակը» շարժվում է սեփական օրակարգով՝ իշխանություններին ամեն անգամ փաստի առաջ կանգնեցնելով:

Այդպիսի անակնկալ էր իշխանությունների համար, երբ վստահ էին, որ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չի մասնակցի: Պակաս անակնկալ չէր, երբ վստահ էին, որ հոկտեմբերի 24-ին իշխանափոխության հայտարարություն չի անի ԲՀԿ առաջնորդը, բայց դա էլ արվեց: Հիմա էլ ուզում են, որպեսզի «եռյակը» չկշռադատված՝ արագ-արագ քայլեր անի, որպեսզի իրենք էլ կողքից ասեն, թե՝ տեսեք՝ այս անգամ էլ չստացվեց հաղթել: Մինչդեռ, այս փուլի անակնկալն էլ այն է, որ սկսվում է համաժողովրդական մոբիլիզացիա կառուցվածքային հզորացման միջոցով։
Երբ ԵԿՄ-ն դարձրեցին իշխանության ենթակա մի օղակ, օրենքով կարգավիճակ տվեցին, հիմա էլ դպրոցներում «մանվելիկներ» են բուծում, դա նորմալ են համարում, բայց երբ ազատամարտիկների հիմնական մասը, դժգոհ լինելով երկրում տիրող այս խայտառակ վիճակից, որոշել է համախմբվել՝ լավ հասկանալով, որ եթե իշխանափոխություն չլինի, այսինքն՝ եթե իրենք քաղաքական պրոցեսներին մասնակից չդառնան, շարժմանն իրենց աջակցությունը շոշափելի չի լինի, արդեն Սերժ Սարգսյանի մանկլավիկները մի վայնասուն են բարձրացրել, թե բա՝ կարելի է ազատամարտիկներին քաղաքականացնել կամ իրար դեմ հանել: Բայց եթե գեներալ Մանվելի խմբակը բոլորին դեմ է դուրս եկել ու կռված տղերքի թափված արյունը սեփականաշնորհել, դրա դեմն ինչպե՞ս պետք է առնել։ Քնքուշ խոսքերով։
Սա պարզորոշ ցույց է տալիս, որ եթե իշխանություններին ուժ ցույց տրվի, բոլոր հարցերն էլ կլուծվեն, իսկ «եռյակի» ուժը ժողովուրդն է, մնացածն իրենք ունեն: Այնպես որ, դանդաղ շտապելու բանաձևը մնում է ուժի մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1495102514094864&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը