Կարծիք

04.11.2014 15:41


Ե՞րբ իշխանափոխությունն իրականություն կդառնա

Ե՞րբ իշխանափոխությունն իրականություն կդառնա

Անկախ իշխանությունների էֆեկտիվությունից, անկախ նրանից, թե ինչ արդյունավետությամբ են իշխանությունները լուծում հասարակության և պետության առջև ծառացած խնդիրները՝ իրենք փորձում են ստեղծել սեփական վերարտադրությունն ապահովող հիմքերը: Սա շատ բնական երևույթ է և բնորոշ է ոչ միայն այժմյան Հայաստանին: Սա պարզապես անհրաժեշտ է հստակորեն գիտակցել: Անհրաժեշտ է հասկանալ, որ Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են լինելու հենց այդ խնդիրը լուծելուն, և սեփական ծրագրերը մշակելիս կամ իշխանության քայլերը վերլուծելիս հիշյալ գաղափարը պետք է ընդունել որպես հետագա գործողությունների ելակետ:

Ի՞նչ քաղաքական իրավիճակ ունենք այսօր, և ի՞նչ զարգացումների պետք է սպասել։

Վենետիկի հանձնաժողովը, անդրադառնալով Հայաստանում հնարավոր սահմանադրական փոփոխություններին, հայտարարել է, որ դրանք կարող են կյանքի կոչվել միայն այն դեպքում, եթե իշխանություններն ունենան խորհրդարանի առնվազն 2/3-ի համաձայնությունը: Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդարանում նման աջակցություն չունի, ու այս խնդիրը լուծելու համար նա ստիպված կլինի գնալ մի շարք քայլերի:

Մինչև 2015-ի մարտ ամիսը Սերժ Սարգսյանը կփորձի ամեն կերպ հասնել «եռյակի» պառակտմանը (ճնշումների միջոցով, գործարքների առաջարկությամբ և այլն ), որպեսզի ստանա իրեն անհրաժեշտ աջակցությունը: Սակայն արդեն այսօր կարելի է պնդել, որ դա Սերժ Սարգսյանին չի հաջողվի, և նա ստիպված կլինի գնալ իր վերջին շանսն օգտագործելուն` ԱԺ արտահերթ ընտրություններ կազմակերպելուն: Եթե իշխանություններին հաջողվի իրականացնել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենաահռելի կեղծիքներով «համեմված ընտրություններ», ապա իրենք կստանան ձայների 75 տոկոսը, ինչը կնշանակի, որ վերացավ Սերժ Սարգսյանի ու իր հավերժ վերարտադրության միջև եղած վերջին խոչընդոտը:

Սակայն պետք է ընդգծել, որ արտահերթ ընտրությունների պարագայում նույնպես հնարավոր է անցնցում իշխանափոխության հիմքեր ստեղծել: Դրա համար ընդդիմությունը մի շարք կարևոր քայլեր պետք է ձեռնարկի մինչև 2015 թվականի մարտ, այսինքն՝ մինչև այն ժամկետը, երբ Սարգսյանը, հավանաբար, կհայտարարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Մոտակա հինգ ամիսը պետք է օգտագործել այն բանի համար, որ ստեղծվեն նախապայմաններ ոչ միայն ընտրություններում հաղթելու համար, այլ նաև այդ հաղթանակը պահելու մեխանիզմները մշակելու համար, ինչպես նաև մի շարք այլ կարևոր ոլորտներում լրջագույն քայլեր կատարելու համար:

Ի՞նչ քայլեր պետք է կատարի ընդդիմությունը։

1. Հայաստանի բոլոր մարզերում, բոլոր քիչ թե շատ մեծ քաղաքներում ու գյուղական համայնքներում պետք է ստեղծվեն համաժողովրդական շարժման շտաբները, որոնք կգեներացնեն ժողովրդի դժգոհությունը, տեղերում կաշխատեն պոտենցիալ ընտրազանգվածի հետ և բոլորին կբացատրեն, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են մեզ սպասվում իշխանափոխությունից հետո: Օդի ու ջրի պես անհրաժեշտ է նաև տեղերում՝ շտաբների միջոցով աշխատանքներ իրականացնել ընտրացուցակները մաքրելու ուղղությամբ:

Շտաբների բացումն այն կարևորագույն կետն է, որը պարտադիր պետք է իրականացվի: Առանց շտաբների ոչ մի հաղթանակ տեղի չի ունենա, քանզի տեղերում հնարավոր չի լինի պահել ընտրություններում հաղթանակը։

2. Համաժողովրդական շարժումը պետք է ունենա իր կենտրոնական գրասենյակը, իր գլխավոր շտաբը, որն էլ պետք է համակարգի մարզերում տեղակայված բոլոր շտաբների գործունեությունը: Եվ մի կարևոր հանգամանք՝ շտաբում պետք է առանձին բաժիններ լինեն, որոնք կզբաղվեն կոնկրետ հարցերով: Օրինակ՝ մի բաժինը պետք է զբաղվի ԶԼՄ-ի հետ աշխատանքով, մյուս բաժինը պետք է զբաղվի քաղաքացիական սեկտորի հետ աշխատանքներով (ամեն շաբաթ պետք է անցկացվեն այս կամ այն սոցիալական խնդրի վերաբերյալ ցույցեր ու պիկետներ) և սոցիալական ցանցերում շարժման գաղափարների համար ներկայացվածություն ապահովելով:

Սոցիալական ցանցերը պետք է լինեն այն օղակը, որը կկապի շարժումը հասարակ քաղաքացիների հետ, իրենց խնդիրները հասանելի կդարձնի քաղաքական ուժերի ներկայացուցիչների: Մեզանում սոցիալական ցանցերը գրեթե վերածվել են ԶԼՄ-ի ինքնաբավ մի ճյուղի, և ով ավելի շուտ սա կգիտակցի ու կփորձի իր շահերին ծառայեցնել, նաև կկարողանա վերահսկել քաղաքացիների մի ստվար զանգվածի գործողությունները:

3. Երկրի զարգացման ծրագիր չունեցող իշխանություններին իրավունք չունի փոխարինելու ծրագիր չունեցող մեկ այլ իշխանություն: Մոտակա ամիսների ընթացքում ընդդիմությունը պետք է մի ծրագիր հրապարակի, որը հստակ կպատասխանի այն հարցերին, թե իշխանափոխությունից հետո ինչ կստանան գյուղացին, գործարարը, բժիշկը, ուսուցիչը և այլք:

4. Մինչև 2015թ. մարտ ամիսը ընդդիմությունը պետք է նաև պետական ապարատի հետ աշխատի: Քանի դեռ պետական ապարատը միավորված է, քանի դեռ այն աջակցում է Սերժ Սարգսյանին, մեր երկրում փոփոխություններ տեղի չեն ունենա: Սա պետք է հստակ գիտակցեն ընդդիմության բոլոր ներկայացուցիչները, և այս հինգամսյա դադարը հիանալի հնարավորություն է տալիս այս խնդիրը լուծելու համար:

Սրանք քայլեր են, որոնց կատարումը թույլ կտա ընդդիմությանն արտահերթ ընտրություններին պատրաստված մոտենալ, թույլ կտա վստահ լինել, որ ընտրությւոնների արդյունքները հնարավոր կլինի պահել:

Սակայն գոյություն ունի իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ, որը ձեռնտու կլինի բոլորին: Արտահերթ ընտրություններն իրականում իշխանությունը շատ քաղաքակիրթ և անցնցում կերպով հանձնելու միջոց են: Եթե Սերժ Սարգսյանը իր մեջ որոշում կայացնի չգնալ ընտրությունները կեղծելու ճանապարհով, ուրեմն նա ինքն իր համար հեռանալու լավագույն տարբերակը կընտրի: Այս իրավիճակում շատ բան է կախված Սերժ Սարգսյանի անձնական որոշումից:

Սերժ Սարգսյանի ընտրությունը։

Ի տարբերություն մեր երկրի շատ քաղաքական գործիչների՝ Սերժ Սարգսյանը հստակորեն գիտակցում է իր սեփական շահերը, և, ինչն է՛լ ավելի կարևոր է, նա հստակորեն պատկերացում ունի, թե ինչ ճանապարհով հասնի այդ շահերի իրագործմանը: Եթե Սարգսյանը գնա զիջումների և կատարի ընդդիմության քաղաքական թիմի կողմից առաջ բերված պահանջները (հայտնի 12 կետերը, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու պահանջը), ապա նա ինքն իր համար կստեղծի իշխանությունն առավելագույնս անցնցում կերպով հանձնելու տարբերակի իրագործման հեռանկարը: Պատկերավոր ասած՝ Սերժ Սարգսյանն իր զիջումներով ինքն իր համար «մարդասիրական միջանցք կստեղծի»:

Սակայն եթե Սարգսյանը փորձի գնալ այլ ճանապարհով, այն է՝ արտաքուստ համաձայնվել զիջումների և գնալ արտահերթ ընտրությունների, բայց իրականում փորձ կատարվի կեղծիքների մեքենան օգտագործելով՝ արտահերթ ընտրությունների ժամանակ ստանալ իրեն այդքան անհրաժեշտ ձայների 75 տոկոսը, ապա հնարավոր է, որ ընդդիմության քաղաքական թիմի կշռադատված և ռացիոնալ տեսակետներին փոխարինելու գան ավելի կտրուկ ու նույնիսկ ռադիկալ տեսակետներ, որոնց կրողները մեր երկրում այդքան էլ քիչ չեն, ինչը կարող է քաղաքական գործընթացը վերածել քաոսի, ու իշխանությունն անցնցում հանձնելու հնարավորություն կարող է և չստեղծվել:

Կարծում եմ՝ խնդրին սթափ ու ռացիոնալ կերպով մոտենալու պարագայում էմոցիաները մի կողմ դնելու դեպքում այս ճշմարտությունը բոլորի համար էլ ակնհայտ կլինի, առաջին հերթին` Սերժ Սարգսյանի համար: Հետևաբար, հենց իրենից է կախված, թե նա ում հետ է փորձելու գործ ունենալ մոտալուտ քաղաքական գործընթացների ժամանակ՝ «մեր երկրում մենք թշնամիներ չունենք» կարգախոսի տակ հանդես եկող քաղաքական թիմի՞ հետ, թե՞ ռադիկալ տրամադրություններ ունեցող ուժերի:

Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը միշտ լավ է գիտակցել իր սեփական շահերը, կարելի է հույս ունենալ, որ տրամաբանությունն ու բանականությունը, այնուամենայնիվ, կհաղթեն էմոցիաներին:

Բենիամին Մաթևոսյան

Աղբյուրը՝ http://hasarakutyun.am/?p=71738

Այս խորագրի վերջին նյութերը