Լրահոս

04.11.2014 20:24


Դադարեցվել է փայտանյութի անօրինական առևտրով զբաղվողների գործունեությունը

Դադարեցվել է փայտանյութի անօրինական առևտրով զբաղվողների գործունեությունը

Գործարքների չփաստաթղթավորման դեմ պայքարի շրջանակում Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը վերջերս առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի` ապրանքների տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել Արարատի մարզում: Բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ անհատ ձեռնարկատեր Գևորգ Մալխասյանը, զբաղվելով հիգիենայի պարագաների և լվացող միջոցների մանրածախ և մեծածախ առևտրով, միաժամանակ Բյուրավան գյուղում գտնվող իրեն պատկանող պահեստներից «Գազել» և «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենաներով իրականացրել է ապրանքների տեղափոխում` առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթի: Հետագա ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ պահեստում առկա է առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերված շուրջ 20 մլն դրամի ապրանք: Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նույն գյուղում հայտնաբերվել է Գևորգ Մալխասյանին պատկանող մեկ այլ պահեստ ևս, որտեղ առկա շուրջ 52մլն դրամի ապրանքները նոււյնպես ձեռք էին բերվել առանց հիմնավորող փաստաթղթի: Նրա նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:

Իսկ ՕՀՎ Արտաշատի և արագ հակազդման բաժինների աշխատակիցների համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել և արձանագրվել է նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք: Պարզվել է, որ առանց համապատասխան պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, ֆիզիկական անձինք զբաղվել են փայտանյութի առևտրով: Այս դեպքով էլ օրինախախտները տուգանվել են և պարտավորվել դադարեցնել գործունեությունը` մինչև համապատասխան գրանցում ստանալը:

Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը