Կարծիք

04.11.2014 10:42


«Քաղաքական բանավե՞ճ, թե՞ բայղուշություն, այս է խնդիրը»

«Քաղաքական բանավե՞ճ, թե՞ բայղուշություն, այս է խնդիրը»

Ընդհանրապես, յուրաքնաչյուր քաղաքական պրոցես երբ ելակետային դիրքից հասնում է որոշակի աստիճանի, հասարակության, քաղաքական ու քաղաքացիական հասարակության շրջանում սկսվում է մի շրջան, որը կարելի է անվանել գործընթացների մարսողության փուլ: Բնականաբար, մեր երկրում, որի հասարակությունը չափից ավելի քաղաքականացված է, զերծ չի մնում և, կարելի է ասել, երրորդ հանրապետության սկզբնավորումից ի վեր երբեք էլ զերծ չի մնացել գնահատականներ տալուց, անտարբեր մնալ չէր կարող այսօր տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Սակայն, ցավոք, պիտի փաստենք, որ քաղաքական մշակույթի և ցիվիլ բանավեճի կուլտուրան Հայաստանում դեռևս գտնվում է զարգացման փուլում, և լիովին ձևավորված չէ: Անձնավորված վրաերթի և կուլակաթափության կատեգորիան դեռ ոչ միայն չի սպառել իրեն, այլև հատկապես խորհրդարանական ոչիշխանական ուժերի գործունեության ընթացքում դարձավ ավելի ակնբախ: Գիտեք, երբ սա արվում է իշխանության մակարդակով, դեռ կարելի է հասկանալ, քանի որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը պարտավոր է լինել ադեկվատ և ավելի հանդուրժող: Բայց սա` ըստ տրամաբանության, իհարկե: Իսկ թե ինչ է տեղի ունենում իրականում, կարծում եմ՝ երկար- բարակ գրելու կարիք չկա: Ընդդիմությանը քաղաքական հակափաստարկ բերելու, կիրթ բանավեճ ծավալելու փոխարեն՝ մերօրյա իշխանավորները գործի են դնում քարոզչության անընդունելի եղանակներ՝ դպրոցի ուսուցիչներից, համալսարանի դասախոսներից սկսած, մինչև թաղային ու քրեական ամենակարկառուն ներկայացուցիչներ: Եթե այդքան վստահ եք ձեր քաղաքական ճշմարտացիության մեջ, կամ ձեր ասելով՝ ընտրված եք ժողովրդի կողմից, ապա ի՞նչն է ձեզ կաշկանդում այդ նույն ժողովրդի հետ խոսել ավելի բաց ու թափանցիկ, ինչո՞ւ չեք այցելում տարբեր մարզեր, գյուղեր, քաղաքներ, ինչու չէ՝ բակեր, և լսում նրանց կարծիքը: Գնացե՛ք մի օր, նստեք այդ մարդկանց կողքը և առանց հայտնելու ձեր պաշտոնը՝ հարցրեք նրանց կարծիքը իշխանության մասին: Երկրորդ անգամ դժվար այցելեք: Եթե վստահ եք, որ դուք ճիշտ եք, ինչո՞ւ եք այսօր միայնակ պառլամենտում, ինչո՞ւ նախկինում ձեզ հետ կոալիցիա կազմած ուժերը ոչ միայն կոալիցիայի անդամ չեն, այլև ամենակոշտ դիրքորոշումներով քննադատում են ձեզ: Եվ միթե՞ ճշմարտացի եք, երբ ձեր իշխանավարության շրջանում առանց այդ էլ մի բուռ մնացած ժողովուրդը արտագաղթում է այնպիսի տեմպերով, որ մի քանի տարի հետո երկիրը միգուցե դասվի գաճաճ պետությունների շարքը…
Բայց, կրկնում եմ, իշխանության պարագայում այս ամենը ինչ-որ տեղ հասկանալի է, սակայն երբ իրենց ընդդիմություն համարող ուժերը, գործիչներն են սկսում քննադատել իրենց ընդդիմադիր գործընկերներին, որոնք ի տարբերություն իրենց. հազարավոր դժգոհ զանգվածներ են առաջնորդում ու բարձրացրել են ամբողջական իշխանափոխության հարց, ապա սա արդեն նմանվում է ոչ թե ջղաձգման, այլ քաղաքական իմպոտենտության: Այլապես ինչպես հասկանալ նման երևույթը, թե դուք ընդդիմություն չեք, կեղծ եք, հստակ չեք ձեր դիրքորոշման մեջ և այլն, մինչդեռ այսպես հորջորջողները ոչ միայն չեն օգնում ոչիշխանական խորհրդարանական ուժերին, այլև քննադատում, իսկ որոշ դեպքերում հասնում են նույնիսկ անձնական վիրավորանքների մակարդակին: Եղբա՛յր, չես օգնում, համաձայն չես, ոչինչ չես անում, խնդրեմ՝ քո գործն է, հարգում ենք այդպիսի տեսակետը, բայց ինչո՞ւ ես ջուր լցնում իշխանության ջրաղացին և արջի ծառայություն մատուցում: Քաղաքականությունը հնարավորի արվեստ է՝ հիմնված պրագմատիկ և հաշվարկված սթափ քայլերի վրա: Պատրիոտիզմը դեռևս բավարար չէ արդյունքի համար, նամանավանդ այս իշխանության դեմ պայքարում: Այդպիսի բաներ տեսել ենք, տեսել ենք նաև դրա արդյունքը: Ամեն ինչին չափ ու սահման գոյություն ունի. պետք չէ հատել սահմանը, քանի որ եթե հակառակ կողմից պատասխանները համահունչ չեն, դա չի նշանակում որ չեն կարող լինել, պարզապես Եռյակի ներկայացուցիչները գիտակցում են, որ նմանօրինակ քայլերով իշխանությունը ուղղակի, այսպես ասած, մի զարկով երկու նապաստակ է խփում՝ ընդդիմությունը քննադատում է ընդդիմությանը, իսկ շահում են դրանից իշխանությունները: Շատ ավելի երկար չեմ ուզում գրել, պարզապես խնդրում, հորդորում և պահանջում եմ բոլոր քաղաքական շրջանակներին մնալ իրենց չափերի սահմաններում, եթե չեն ուզում քաղաքականապես կործանվել և անցնել պատմության աղբանոցը, իսկ նմանօրինակ դեպքերի պակաս նույնպես չենք ունեցել մեր կարճ, բայց իրադարձություններով լեցուն երրորդ հանրապետության ձևավորման ընթացքում։

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը