Քաղաքական

03.11.2014 15:09


Ս. Մարգարյան. «Մի՛ դարձեք իշխանությունների խոսնակը»

Ս. Մարգարյան. «Մի՛ դարձեք իշխանությունների խոսնակը»

Արամ Զ. Սարգսյանը հերթական անգամ սուր քննադատության է ենթարկել «եռյակի» գործունեությունը՝ մոռանալով գործող իշխանություններին: Ո՞րն է նման քայլի պատճառը: Այս հարցով top-news.am-ը դիմել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանին:
-Պատճառները կարող են շատ լինել եւ տարբեր: Երկար ժամանակ ես չէի ուզում հավատալ այն լուրերին, թե Արամ Սարգսյանը ոչ իշխանական ուժերին քննադատում է ճիշտ այն ժամանակ, երբ նրանք ակտիվ գործողությունների են դիմում, կամ երբ Գագիկ Ծառուկյանը կարեւոր եւ հասարակության կողմից սպասված հարցազրույցներ է տալիս: Հիմա սկսում եմ մտածել, որ դա պատահական չէ: Ցավոք, այս դերակատարման մեջ նա միակը չէ: Ընդ որում, նրանք միշտ խոսում են միայն «եռյակի» մասին, որեւէ բան չեն ասում իշխանությունների մասին: Հետեւաբար, իրենք չեն կարող երրորդ կողմ հանդիսանալ:
Ես նորմալ եմ վերաբերվում նրան, որ մարդը կարող է ունենալ «եռյակի» տեսակետներից, դիրքորոշումից տարբերվող մոտեցումներ, եւ այդ մասին հստակ նշում է, բայց պարտադիր չէ այդ կարծիքը հայտնել միշտ այն ժամանակ, երբ իշխանական քարոզչամեքենան հարձակվում է «եռյակի» վրա՝ օգտագործելով առկա բոլոր ռեսուրսները: Այս դեպքում նրանք վերածվում են իշխանությունների խոսնակի:
Իսկ ընդհանրապես, հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովրդի եւ իշխանության մեջ խոր անդունդ է առաջացել, եւ «նեյնիմների» ժամանակն անցել է: Քաղաքական գործիչը իր գործունեությամբ կա՛մ ժողովրդի հետ է, կա՛մ ջուր է լցնում իշխանությունների ջրաղացին: Սա այն դեպքը չէ, երբ ով մեր հետ չէ՝ մեր թշնամին է: Ոչ ոք չի խանգարում որեւէ մեկին հայտնել իր տեսակետներն իր իսկ կողմից կազմակերպած հանրահավաքների կամ հանդիպումների ժամանակ, բայց ուրշներին փնովելը հեռու է քաղաքական վարքագծից:
Աղբյուրը` top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը