Կարծիք

02.11.2014 15:40


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Ժամանակակից անեծք՝ մնաս ՀՀԿ տատիկի օրհնանքի ու ՀՀԿ-ի միամիտի աջակցության հույսին

Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցին անդրադարձել է նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ճիշտն ասած, երբ «եռյակը» ամբողջական իշխանափոխության ուղղությամբ գործնական քայլերի է անցել, երբ Ծառուկյանը խոսում է իշխանափոխություն պարտադրելու մասին, երբ նշում է, որ կա նախագահի մի քանի արժանի թեկնածու, ու նաև, եթե հարկ լինի, ինքն էլ կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը, երբ Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվում, երբ ԵՏՄ-ի առաջնորդներից մեկը Հայաստան գալիս, որպես հարգանքի նշան, Ծառուկյանենց տանն է օթևանում, իսկ նույն այդ ղեկավարի հետ խոսելիս Սերժ Սարգսյանը, որպես կանոն, լսողի դերում է լինում, կամ էլ հազիվ վախվորած կմկմում է, ու էլի նման կարգի շատ «երբ»-երից հետո Ծառուկյանին կարող է հակադարձել միայն գործող նախագահը: Իսկ նրանից ցածր ցանկացած իշխանավորի հակադարձումը կարելի է գնահատել «մոսկաների» թուլահաչ ու հարկ չհամարել անգամ անդրադառնալ դրանց: Ուղղակի, երբ հերթական «մոսկան» փորձում է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը, թե, իբր, երկրում ոչ փայ մտնող կա, ոչ էլ մենաշնորհներ, այս մասով ուզում եմ մի թեթև անդրադառնալ թեմային:

Ախր, ա՛յ Վահրամ Բաղդասարյան, ընդամենը վերջերս Սերժ Սարգսյանը քեզ հանդիմանեց, որ մինչ խմբակցության ղեկավար նշանակվելդ տվածդ խոստումները չես կատարել, ու գոնե դրանից եզրակացություն անես, որ դու քո տեղում չես, մանավանդ որ ՀՀԿ խմբակցության համար դու լրիվ օտար մարմին ես, հիմա էլ ավելի ես իջեցրել տեղից էլ իջած կարգավիճակդ ու դարձել ՀՀԿ մամուլի խոսնակի օգնական:

Լավ, ա՛յ միամիտ, չես հասկանո՞ւմ, որ այս երկրում բոլորը գիտեն, թե ովքեր են փայ մտնում, և ինչպես են ամենավերին իշխանավորի կողմից մենաշնորհներ ստեղծվում յուրայինների համար: Հիմա տեսնելով, որ իշխանական «սազանդարներից» ոչ մեկի մոտ այլևս չի ստացվում ամլիկ գառնուկի հայացքով ասել, թե մեր երկրում փայ մտնողներ չկան, այդ «բարդ ու պատասխանատու» գործը թողել են այս միամիտ լոռեցի Վահրամի վրա:

Ծառուկյանը կամակատարների անուններ չի թվարկելու, քանի որ անում է քաղաքական հայտարարություն երկրում համակարգային ախտի մասին, որի թիվ մեկ պատասխանատուն գործող նախագահն է: Իսկ թե ո՞ւմ միջոցով են փայերը ձևակերպվում, անունը Սաշիկ կլինի, թե «երիտսաշիկ», արդեն լրագրողական հետաքննության, հասարակական քննարկման տիրույթի թեմա է կամ էլ՝ իրավապահների հետաքրքրության առարկա:

Ու եթե մեծն միամիտ Վահրամը տեղյակ չէ, թե, օրինակ, հեռուստագովազդային շուկան ում համար մանոպոլիզացվեց օրենքի ուժով, Որոտանի կասկադի խայտառակ գործարքում ով փայ մտավ, արագաչափերի ու կարմիր գծերի տերերն ովքեր են, և այլն, և այլն, այս կարգի գործչին մնում է ասել, որ եթե այդ աստիճանի անտեղյակ ես, կնշանակի՝ դու քո տեղում չես: Ու եթե նախագահականում որոշել են, թե, իբր, Ծառուկյանի դերը փոքրացնելու համար նրան իշխանական մանկլավիկները հակադարձեն, դրանով ավելի շուտ ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի ռիսկը չի հերիքում անձամբ պատասխանել Ծառուկյանին, ինչպես ռիսկ չունի պատասխանելու Նազարբաևին, Լուկաշենկոյին կամ Պուտինին, նմանապես, երկրի ներսում, Ծառուկյանից բացի, էլի մի քանի ազդեցիկ գործիչների՝ լավ հասկանալով, որ հենց բերանը բացեց, կարող է իր անվտանգության համար թողած «մարդասիրական միջանցքն» անմիջապես փակվել:

Սերժ Սարգսյանին չսիրողներ շատ կան, բայց ամենաթունդ «բայղուշի» մտքի ֆանտազիան անգամ չէր հերիքի, որպեսզի Ազատիչին անիծեր, ասելով՝ ՀՀԿ տատիկի օրհնանքի ու ՀՀԿ-ի միամիտի աջակցության հույսին մնաս:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1493995290872253&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը