Լրահոս

31.10.2014 16:23


«Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումը ՀՀ բարձրագույն իշխանություններին անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին

«Շիրակ կենտրոնի» հրապարակային հարցումը ՀՀ բարձրագույն իշխանություններին անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին

Այսօր «Շիրակ կենտրոնը» Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընթացքի մասին հերթական հրապարակային հարցումն է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և քաղշիննախարար Նարեկ Սարգսյանին: Հարցման տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար

Ինչպես գիտենք, աղետի գոտում և մասնավորապես Գյումրիում 2012 թվականից ընդհատված բնակարանաշինությունը շարունակելու և ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից դեռ 2012-2013 թթ. բնակարանային փոխհատուցման շահառու ճանաչված գյումրեցի 432 անօթևան ընտանիքներին բնակարաններ հատկացնելու փոխարեն ՀՀ կառավարության 2014 թ. հոկտեմբերին կայացրած որոշման համաձայն, նրանց տրամադրվելու են բնակարանների գնման վկայագրեր: Սակայն մինչև օրս ԲԳՎ-ների տրամադրման գործընթացը չի սկսվել: Այդ փաստով մտահոգված բազմաթիվ քաղաքացիներ պարբերաբար դիմում են «Շիրակ կենտրոնին»:

Այդ իսկ պատճառով սույն հրապարակային հարցմամբ դիմում ենք Ձեզ՝ ներքոշարադրյալ հարցերի պատասխանների ակնկալիքով.

1. Ե՞րբ է սկսվելու բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը շահառուներին:

2. Որքա՞ն գումար է նախատեսված տրամադրել շահառուներին 1 քառ. մետր բնակմակերեսի համար:

3. Քանի՞ քառակուսի մետր են կազմելու 1, 2, 3 և 4-սենյականոց բնակարանների մակերեսները և որքա՞ն է վճարվելու դրանցից յուրաքանչյուրը ձեռք բերելու համար:

4. Ինչպիսի ՞ հաջորդականությամբ և ի՞նչ առաջնահերթությամբ են տրամադրվելու բնակարանների գնման վկայագրերը:

5. Քանի ՞ ԲԳՎ-ներ ու ե՞րբ է նախատեսված տրամադրել այս տարի և հաջորդ՝ 2015 թվականին:

Հարգելի պարոն վարչապետ և պարոն նախարար

Համոզված ենք՝ Դուք նաև քաջատեղյակ եք, որ դեռ 2012 թ.-ին Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում շահագործված բնակարանների սեփականաշնորհման գործընթացը վերսկսված չէ: Իսկ շահառուների մեծ մասը ԲԳՎ-ներով բնակարաններ գնել կարող են հիմնականում այդ նորակառույց թաղամասերից:

Ուստի խիստ անհրաժեշտություն է, որ ԲԳՎ-ների բաշխման գործընթացից առաջ իրականացվի այդ թաղամասերի բնակարանների սեփականաշնորհում:

Խնդրում ենք նաև տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե

ա/ վերոհիշյալ թաղամասերի բնակարան ստացած բնակիչներին ե՞րբ է հնարավորություն տրվելու սեփականաշնորհել դրանք.

բ/ քանի՞ ազատ բնակարաններ կան այդ թաղամասերում, որոնք ենթակա են երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին տրամադրելու.

գ/ եթե կան ազատ բնակարաններ, ապա ե՞րբ և ի՞նչ սկզբունքով եք նախատեսում դրանց բաշխումը»:

Այս խորագրի վերջին նյութերը