Լրահոս

31.10.2014 12:39


ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է ինքն իրեն

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքում է ինքն իրեն

Ինչպես հայտնել էինք, նախօրեին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի աշխատանքները պատշաճ կերպով կազմակերպված չէին եղել։ Մտնելով դահլիճ՝ ԲՀԿ-ական պատգամավորներ և այդ հանձնաժողովի անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը հայտնաբերել էին, որ սեղանի շուրջ իրենց տեղեր հատկացված չեն եղել։ Իսկ ընթացքում նրանց անունով ցուցանակները տեղադրվել էին երկրորդ շարքում։

Ի նշան բողոքի՝ Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը դուրս էին եկել դահլիճից:

Որոշ ժամանակ անց ՀՀ ԱԺ–ի ֆեյսբուքյան էջում ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ պնդելով, թե Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված եղե՛լ են.

«Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված տեղերին և տեսնելով, որ հեռու են նախագահության սեղանից, արարողակարգի վարչության աշխատակիցներին խնդրել են իրենց նստելու համար նախատեսված տեղերը մոտեցնել նախագահության սեղանին: Արարողակարգի աշխատակիցները հնարավորության սահմաններում կատարել են որոշակի վերադասավորումներ, որը, սակայն, կրկին չի գոհացրել նշված պատգամավորներին: Այնուհետև պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Վահան Բաբայանը լքել են դահլիճը: Միաժամանակ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ դահլիճում որևէ պատգամավորի համար երկրորդ շարքում հատկացված տեղեր չեն եղել»:

Դրանից հետո Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ պնդելով, որ իր անունով ցուցանակ ի սկզբանե տեղադրված չի եղել սեղանին։

Եվ ահա, իր առաջին պարզաբանումից ընդամենը 4 ժամ անց ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը հանդես է եկել բոլորովին այլ բովանդակությամբ հայտարարությամբ՝ հերքելով ինքն իրեն.

«Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած թյուրիմացության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք, որ պատգամավորներ Վ.Բաբայանը, Մ.Շահգելդյանը, Տ Ուրիխանյանը և Հ.Մարգարյանը, մտնելով դահլիճ, տեսել են, որ իրենց անվամբ ցուցանակները տեղադրված չեն սեղանին, իսկ մի քանիսն էլ գտնվում են երկրորդ շարքի աթոռներին: ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակիցները միջոցառման սկզբում, ավելացնելով կամ փոխարինելով դրված ցուցանակները դահլիճ մտնող պատգամավորների ցուցանակներով, փորձել են կարգավորել պատգամավորների նստելու տեղերը, ինչին չհամաձայնելով` նշված պատգամավորները լքել են դահլիճը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը