Կարծիք

31.10.2014 11:58


Մերի Մովսիսյան. «Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի բովանդակության պետականաստեղծ բաղադրիչի մասին»

Մերի Մովսիսյան. «Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի բովանդակության պետականաստեղծ բաղադրիչի մասին»

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ գագիկ Ծառուկյանը «Ժամ» լրատվականին հարցազրույց է տվել, որում մի շարք կարևոր շեշտադրումներ է արել։
Այն մտքերը, որոնք արտահայտել է Գագիկ Ծառուկյանը պետականաստեղծ բնույթ են կրում։ Ճիշտ է, մենք ունենք պետություն, և առկա են պետությանը բնորոշ բոլոր առաջնային բաղադրիչները, սակայն որպես մեր Սահմանադրության տառին համարժեք պետություն՝ չենք կայացել (ո՛չ իրավական ենք (մարտի 1-ը վկա), ո՛չ սոցիալական (32 տոկոս աղքատությունն ապացուցում է դա), ո՛չ ժողովրդավարական (ընտրություններին ինչքան ուզում՝ այնքան ենք խփում, ոչ էլ գործում է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը), և այլն, և այլն)։
Ինչու՞ պետականաստեղծ։
Պետությունների կայացման պատմությունը ցույց է տալիս, որ կարևորագույն նախապայմաններից մեկը կայունությունն է։ Պետությունը կարող է զարգանալ կայունության պայմաններում։ Շատ լավ հասկանալով դա՝ ԲՀԿ առաջնորդը բազմիցս շեշտել է անցնցում իշխանափոխության անհրաժեշտությունը, և ամբողջացնելով այդ գաղափարը՝ երեկ նշել է. ««Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ: Մեզ թշնամանք պետք չէ: Անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից՝ պետական համակարգը պետք է աշխատի նորմալ մթնոլորտում, պետք է միշտ իրեն պաշտպանված զգա»։

Նշելով, որ երկրի ներսում իրենք թշնամիներ չունեն՝ նա համազգային համերաշխության կոչ է արել, որն անհրաժեշտ է երկրին՝ դուրս գալու այս ծանր իրավիճակից։ Համերաշխության կոչը վերաբերում է հասարակության բոլոր շերտերին ու դասակարգերին։
Գագիկ Ծառուկյանն, ի տարբերություն այս նեոբոլշևիկյան իշխանության, չի հրահրում ատելություն հարուստների և աղքատների, խոշոր և փոքր բիզնեսի, պետական և քաղաքացիական հատվածների միջև, այլ հակառակը՝ կոչ է անում համերաշխության, համագործակցության, համատեղ աշխատանքով նպաստելու երկրի զարգացմանը։
Դասակարգային համերաշխությունը և հասարակության տարբեր շերտերի համագործակցությունը պետության կայացման երկրորդ անհրաժեշտ նախապայմանն է։
Հաջորդ նախապայմանը, որը կնպաստի մեր պետության կայացմանը, երկրում առկա ներուժի օգտագործումն է։ Զուր չի շեշտադրվել տնտեսական բաղադրիչը, մասնավորապես՝ բիզնես ոլորտի, գյուղատնտեսության և արդյունաբերական գոտիների զարգացման անհրաժեշտությունը, որը թույլ կտա նվազեցնելու աղքատության ցուցանիշը և կանգնեցնելու արտագաղթը։ Մարդկային ռեսուրսի արդյունավետ օգտագործում, որը Հայաստանի առաջնային ներուժն է...

Մերի Մովսիսյան

Շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը