Տնտեսական

30.10.2014 15:14


Հստակեցվում են ԵՏՄ անդամակցությանն առնչվող ընթացակարգերը

Հստակեցվում են ԵՏՄ անդամակցությանն առնչվող ընթացակարգերը

ՀՀ կառավարությունը հաստատել է.
-Եվրոպական տնտեսական միության անդամ մի պետությունից ԵՏՄ անդամ մյուս պետություն փոխադրվող անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների արտադրության, վերամշակող կազմակերպությունների և անձանց ռեեստրների օրինակելի ձևերը, դրանց ձևավորման և վարման ընթացակարգը, տվյալների փոխանցման կանոնակարգի պայմանները,
-ԵՏՄ անդամ երկրներից ներմուծվող և արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի կարանտին հսկողության ընթացակարգերը:
Գործադիրը կառավարության 2010թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1499 որոշման մեջ կատարել է անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետությունից Մաքսային միության մաքսային տարածք ներմուծվող՝ ենթահսկման ենթակա ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը ներառելով ընդունվող որոշման մեջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության հետ առնչվող բոլոր նախարարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հունվարի 1-ից սպասվող փոփոխությունների մասին գործարարներին իրազեկելու անհրաժեշտության վրա: «Գործարարները տեղյակ չեն, թե ինչ փոփոխություններ են կատարվում: Անհրաժեշտ է հրավիրել մարդկանց, ներկայացնել փոփոխությունները, պատասխանել մարդկանց հարցերին: Տեղադրեք ձեր կայքերում բոլոր խնդիրները, հարցերը, դրանց պատասխանները»:
Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող մի շարք որոշումների քննարկումով գործադիրը հաստատել է.
-Տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները,
-Արտադրանքի (ապրանքների) սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջներին համապատասխանությունը հավաստող անվտանգության միասնական փաստաթղթի վարման կարգը,
-ՀՀ սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների և պետական գրանցման ենթակա ապրանքների ցանկերը,
-Սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական միջոցառումների համարժեքության ճանաչման և ռիսկի գնահատման իրականացման կարգը,
-ՀՀ մաքսային սահմանին և ՀՀ տարածքում անասնաբուժական վերահսկողության իրականացման միասնական ընթացակարգը,
-Անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների, ապրանքների նմուշառման իրականացման միասնական կարգերը,
-Պարենային հումքի արտադրության ժամանակ կենդանական ծագման սննդամթերքում անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն մնացորդային մակարդակները,
-Կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը, թույլատրելի մակարդակները, դրանց արտադրության մեջ օգտագործվող վիտամինների ձևերը և արգելված բույսերի ցանկը,
-Սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող պահանջները,
-Սննդամթերքի և սննդային միջավայրի հետ շփման համար նախատեսված պոլիմերային և այլ նյութերից պատրաստված ապրանքի և նյութերին ներկայացվող պահանջները,
-Սննդամթերքում Ցեզիում-137 և Ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները,
-Սննդային հավելումների և բուրավետիչների անվտանգությանը ներկայացվող պահանջները:
Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացում է կատարվել «Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն գոմեշի միս ներմուծելու մասին» որոշման մեջ, որով ստեղծվում են գոմեշի մսի ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց՝ համապատասխան չափանիշներին համապատասխանելիության ստուգման պատշաճ մեխանիզմներ:
Երկու այլ որոշումներով կառավարությունը հաստատել է հանքային ջրերին ներկայացվող պահանջները, շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները, շշալցված խմելու ջրերի որակի և անվտանգության չափորոշիչները:

Այս խորագրի վերջին նյութերը