Լրահոս

30.10.2014 13:48


Գլխավոր դատախազ. «Աղվան Հովսեփյանն ի՛նքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»

Գլխավոր դատախազ. «Աղվան Հովսեփյանն ի՛նքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողներն այսօր մեկնաբանություն են խնդրել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հայտարարության կապակցությամբ, թե 2008թ. մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումներն արված են։

–Աղվան Հովսեփյանն ի՛նքը թող մեկնաբանի իր հայտարարությունը,–հակադարձել է Գ. Կոստանյանը՝ հավելելով, որ արդյունավետ քննության երաշխիքներն են լրիվությունը, բազմակողմանիությունը և արդյունավետությունը:

–Չկա «գործի բացահայտվածություն» սկզբունք, որովհետև եթե իմ նշած երեք սկզբունքները գործի քննության ընթացքում ապահովում ես, ուրեմն դու ճշմարտությունը պարզել ես։ Իսկ թե ինչքանով է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը, հարցի երկրորդ կողմն է: Եթե այս երեք սկզբունքներն ապահովվում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացած չէ, գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն,–ասել է գլխավոր դատախազը:

Այնուհետև նա վստահեցրել է, որ դատախազության կողմից Քննչական կոմիտեի անդամների նկատմամբ հարուցվող քրեական գործերի որոշումները պայմանավորված չեն անձնական փոխհարաբերություններով:

Լրագրողները հետարքրքվել են նաև՝ Շանթ Հարությունյանի դատավճռում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է։

–Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ։ Չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, որովհետև քրեական հետապնդման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել,–պնդել է Գ. Կոստանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը