Կարծիք

29.10.2014 01:23


Բաղրամյան 26–ում «Սարոյան եղբայրների» փնթի տարբերակն են մատուցում

Բաղրամյան 26–ում «Սարոյան եղբայրների» փնթի տարբերակն են մատուցում

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքը, որն, անշուշտ, գործնական ու հաղթական շարունակություն կունենա, արդեն հստակ ուրվագծեց իշխանափոխության սցենարն էլ, հասարակության տրամադրվածությունն էլ, «եռյակի» վճռականությունն էլ, որի մեխն, ինչ խոսք, Ծառուկանի ելույթն էր, որը ոչ միայն տվեց շատ հարցերի պատասխաններ, այլ նաև փարատեց որոշ կասկածներ, թե, իբր, ԲՀԿ առաջնորդը պատրաստ չէ գնալ մինչև վերջ:

Բայց որքան էլ քաղաքական քայլերը հետևողականորեն առաջ են գնում, մեկ է՝ իշխանական քարոզչամեքենան իր հին երգով ու իրարամերժ տեսակետներով դեռ շարունակում է հանրությանը տեռորի ենթարկել:

«Վերջին բոլշևիկի» երկակի խաղի, ավելի ճիշտ՝ երկդիմի կերպարի մասին մի անգամ չէ, որ խոսվել է: Նա մի փաստաթղթով Սերժիկ է, մյուսով՝ Սերժ, մի պարագայում ծնվել է Ղարաբաղում, մյուսում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղում, մի դեպքում թունդ արևմտամետ է, մյուս դեպքում՝ մոլի ռուսամետ: Ու քանի որ զուրկ է քաղաքական հոտառությունից և բացարձակապես գլուխ չի հանում աշխարհաքաղաքական զարգացումներից, իր թիմին պատրաստում է իր կարծիքով հավանական ցանկացած զարգացման՝ բաժանելով երկու մասի, որոնք տրամագծորեն տարբեր բաներում են քննադատում «եռյակին», բայց այնպես ինքնամոռաց, որ թվում է, թե լավ էլ հավատում են իրենց ասածներին:

Մեկը ցանկանում է, որպեսզի Հայաստանը քաղաքակրթական ընտրություն կատարի դեպի ԵՄ, ուստի մեղադրում է «եռյակին» ռուսամետության համար, իսկ մյուսը (պարզվում է՝ դարձյալ քաղաքակրթական)՝ դեպի մեր դարավոր բարեկամ ՌԴ-ն, ու «եռյակին» մեղադրում է արևմտամետության մեջ: Ուղղակի այս երկու թիմերի համար մեկ բանն է ընդհանուր՝ երկուսն էլ ցանկացած զարգացման դեպքում ուզում են իշխանության ղեկին տեսնել անձի երկվությամբ տառապող «վերջին բոլշևիկին», որի մի կեսը Սաշիկին է մարմնավորում, մյուսը՝ «երիտսաշիկին»:

Առավոտից երեկո թմբկահարում են, թե եթե ժամանակին Տիգրան Սարգսյանի հրաժարականն էին պահանջում, ապա հիմա ինչո՞ւ չեն պահանջում Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, այլ թիրախ են ընտրել Սերժ Սարգսյանին: Իսկ Բաղրամյան 26-ի մյուս «սազանդարներն» էլ, թե՝ այս ի՞նչ մեղմ խաղեր են խաղում, ինչո՞ւ չեն գնում ու Սերժ Սարգսյանի գլուխը ջարդում:

Եթե շատ միամիտ լինեինք, կհավատայինք նախագահականի «Սարոյան եղբայրների» արդի սցենարի այս փնթի կատարմանը: Տարիներ առաջ, երբ տեսնում էին, որ երկու հոգի՝ շատ հարազատ մարդիկ, իրար հետ ցուցադրական բանավեճ են սարքել, և ակնհայտ էր, որ մեզ բան հասկացնելու համար են թատրոն խաղում, ընդունված էր ասել. «Տղե՛րք, մենք գնա՞նք, թե՞ մնանք»:–Իսկ դա «թարգմանաբար» նշանակում էր, որ վերջացրեք ձեր ներկայացումը, որպեսզի անցնենք լուրջ հարցեր քննարկելու, այլապես գնանք, դուք մեր բացակայությամբ իրար «կերեք», երբ կվերջացնեք, տեղեկացրեք՝ գանք, որպեսզի լուրջ հարցերից խոսենք: Իսկ հիմա պետք է ասենք՝ տղե՛րք, «զահլեքս» տարաք ձեր ձանձրալի խաղով, ու արդեն ոչ թե մենք պետք է գնանք կամ մնանք, այլ ձեզ ուղարկենք:

Լավ, ո՞ւմ չի հասկանալի, որ եթե քեզ հաջողվել է ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա, ով շուրջօրյա հանրահավաքների հեռանկարից ահաբեկված՝ հապշտապ պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին, դրանից հետո արդեն պետք է զարգացնես հաջողությունդ ու, սպորտային լեզվով ասած, փորձես ավելի մեծ քաշ բարձրացնել, այլ ոչ թե մեկ անգամ էլ մոտենալ ծանրաձողին ու կրկնել հաջողությունդ:

Այնպես որ, վարչապետի պաշտոնանկությունն արդեն անցած էտապ է: Հիմա ամբողջական իշխանափոխության սցենարին են անցել, ինչին անհամբեր սպասում է ժողովուրդը, և ինչն իրականացնելու համար «եռյակից» հաշվարկված քայլեր են ակնկալվում:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1491770724428043&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը