Կարծիք

28.10.2014 14:28


Էդուարդ Շարմազանովին՝ «This is Armenia»

Էդուարդ Շարմազանովին՝ «This is Armenia»

Անբեկանելի է այն փաստը, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և առանձնապես Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո շատ ու շատ իշխանական խոսափողներ փորձեցին մեկնաբանել այն, ինչ հնչեց հարթակից։ Բոլորն էլ, ինչպես միշտ, իրենց հարմար տարբերակով մեկնաբանեցին՝ իբր թե դա իրենց չի անհանգստացնում, բայց, այնուամենայնիվ, կուլիսներում խոսակցություններն այլ են վկայում։ Տրամաբանությունից դուրս էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը, ով ստեղծված գործընթացը համեմատել է իրեն հարազատ հունական պատմության հետ՝ զուգահեռներ անցկացնելով։ Մեջբերում եմ Շարմազանովի պատասխանը՝ կապված Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության հետ, որ եթե իշխանություններն արհամարհեն իրենց պայքարի այս ֆորմատը, ապա «եռյակը», «եռյակին» սատար կանգնած մյուս քաղաքական և հասարակական միավորումները, ինչպես նաև հասարակության բազմահազարանոց «բանակը» կպահանջեն նաև իշխանափոխություն․ «Ձեր ասած «եթե»-ով հարցին այսպես կպատասխանեմ՝ Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդը նամակ է գրում սպարտացիներին. «Հանձնվե՛ք. եթե չհանձնվեք, ես ձեզ կկոտորեմ»:–Սպարտացիները պատասխան նամակ են գրում. «Եթե»»։
Այն, որ Էդուարդ Շարմազանովը շատ հեռու է իրականությունից, դա փաստ է, քանզի չտեսնել, չլսել բազմահազարանոց հասարակության բողոքի ձայնը և նրանց սատար կանգնած լուրջ քաղաքական միավորման արդարացի պահանջները, ուղղակի աբսուրդ է, մտահոգ քաղաքական գործչին ոչ հարիր պահվածք, անկախ նրանից, թե ինչ քաղաքական գաղափարախոսությունների դավանող է մարդը, նման պահվածքը ենթադրում է, որ նմանատիպ մարդիկ անձնական և կուսակցական շահը գերադասում են պետականից։ Երկրորդ՝ զուգահեռներ տանել «Սպարտայի» և ՀՀԿ-ի միջև մի տեսակ կատակերգական ժանրի մոտիվացիա է, որովհետև ոչ մի ձևաչափում չի կարելի համադրել վերոնշյալները։
Մի խոսքով, մնում է պրն․ Շարմազանովին հիշեցնել, որ «This is Armenia», և այստեղ իրադարձություններն այլ ընթացք ունեն, այստեղ պատմական իրադարձություններից ակնարկներ անելով՝ հարցին լուծում չի տրվի, ավելի լավ է՝ մտածեք, թե որն է Ձեր հաջորդ քայլը՝ կապված գործընթացի զարգացման հետ, քանզի սա գնալով ավելի ու ավելի է թափ հավաքում, և որքան էլ ջղաձգվեք, միևնույն է, մի օր կանգնելու եք փաստի առաջ։

Politik Man–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը