Աշխարհ

28.10.2014 21:48


Վտանգավոր 7 մթերք, որոնք չարաշահում ենք ամեն օր

Վտանգավոր 7 մթերք, որոնք չարաշահում ենք ամեն օր

Քիմիական հավելումների, գունանյութերի և բուրահաղորդիչների (արոմատիզատոր) չարաշահման վտանգավոր հետևանքների մասին շատ է խոսվել։ Սակայն նույն վտանգը հաճախ սպասելի է նաև պարզունակ թվացող սննդից, որն աննկատելիորեն շատ ենք ուտում։ «ELLE»–ն առանձնացրել է առողջությանը սպառնացող 7 սննդամթերք։

Մսամթերք. նրբերշիկ, ապուխտ, երշիկ

Քիմիական հավելումների և աղի մեծ պարունակությունը նշված մթերքում աղետալի հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի վրա։ Համաձայն Շվեդիայի Կարոլինյան համալսարանի վերջին հետազոտությունների՝ նրբերշիկն օրական 19 տոկոսով մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Քաղցկեղահարույց է նաև մեծ քանակությամբ նատրիումի նիտրատ պարունակող երշիկը, որը գրգռում է մարսողական օրգանները։

Բուսական և ռաֆինացված յուղ

Առաջին հայացքից «անմեղ» այս մթերքը պարունակում է օմեգա–6 յուղաթթու, որի ավելցուկը վնասում է սրտին, առաջացնում նաև մաշկի քաղցկեղ։ Ի դեպ, օմեգա–6 և օմեգա–3 է պարունակում նաև սկումբրիա յուղոտ ձուկը։ Ռաֆինացված յուղում կան, այսպես կոչված, տրանսճարպեր, որոնք առաջացնում են աթերոսկլերոզ, սակավարյունություն։ Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է կտրականապես հրաժարվել բուսական, հատկապես՝ զեյթունի ձեթից. պարզապես պետք է պահպանել հաշվեկշիռը և ընտրել առավել անմշակ մթերք։

Շաքար

Ժամանակակից դիետաբանները շաքարը հավասարեցնում են թմրանյութին։ Շաքարում պարունակվող մեծաքանակ գլյուկոգենը պահվում է լյարդում. եթե վերջինը ծանրաբեռնված է դրանով, ածխաջրերը վերածվում են ճարպի։ Բացի այդ, գլյուկոզայի մեծ քանակությունը տոքսիկ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա։

Մրգահյութ

Փաթեթավորված մրգահյութը ոչ մի օգտակար նյութ չի պարունակում, իսկ համը ստացվում է բուրահաղորդիչների շնորհիվ։ Թարմ քամած հյութում չկա բջջանյութ, ֆրուկտոզան էլ գրեթե նույն ածխաջուրն է։ Ծարավից տանջվո՞ւմ եք. խմե՛ք ջուր։

Աղ

Աղի չարաշահումով է մեծապես պայմանավորված զարկերակային բարձր ճնշումը։ Մի՛ համեմեք արդեն աղ արած մթերքը։ Համապատասխանաբար, ծանրաբեռնվածություն է առաջանում նաև սրտում, երիկամներում։

Հաց

100%–անոց ցորենի հաց կարելի է գտնել համեմատաբար թանկ սուպերմարկետներում։ Զանգվածային արտադրություն ունեցող հացամթերքը սովորաբար թխվում է, այսպես կոչված, հարստացված ալյուրից։ Վերջինը պարունակում է հավելատարրեր և ստացվում է մշակման ենթարկված ցորենից՝ զրկված օգտակար հատկություններից։

Մայոնեզ, կետչուպ, պատրաստի սոուս

Մայոնեզը՝ պատրաստված անգամ մաքուր դեղնուցից, զեյթունի կամ արևածաղկի ձեթից, դասվում է բարձր կալորիականություն ունեցող մթերքների շարքը։ Այն կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում՝ նվազեցնելով բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա։ Բայց ավելի լավ է այն փոխարինել թթվասերով՝ ավելացնելով սխտոր կամ կանաչի։

Կետչուպը վերափոխված օսլան է, որին տվել են պոմիդորի սոուսի համ ու գույն։

Աղցանի համար նախատեսված բոլոր սոուսներն էլ շաքար են պարունակում, անգամ եթե քաղցր չեն։ Այնպես որ, օգտագործելուց առաջ կարդացեք պիտակները. առողջ եղեք։

Այս խորագրի վերջին նյութերը