Կարծիք

28.10.2014 12:11


Մերի Մովսիսյան. «Նորի ու քաղաքական մենաշնորհի մասին»

Մերի Մովսիսյան. «Նորի ու քաղաքական մենաշնորհի մասին»

Հասարակության մեջ արդարացի դժգոհություն է առկա այն հարցի շուրջ, որ երկրի քաղաքական կյանքում չեն նկատվում նոր դեմքեր, քաղաքական նոր դերակատարներ։ Հասարակությունը նորի կարիք ունի՝ նոր Հայաստանի՝ նոր քաղաքական համակարգով, որակապես տարբերվող նոր կյանքի։ Առկա քաղաքական համակարգը վերարտադրում է հին դեմքեր, հին էլիտա, որը քաղաքական դաշտում առկա մենաշնորհի և վերջին տարիներին ներդրված ընտրակեղծիքների մեքենան է։ Հարց է ծագում՝ իսկ ո՞րն է լուծումը։ Հարցի պատասխանը տրվել է հոկտեմբերի 24-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից։
Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանն իր ելույթում նշել է. «Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների», – հավելելով, որ դա նաև թույլ կտա երկիրը չտանել ցնցումների և խուսափել մայդաններից։
Վերացնելով քաղաքական մենաշնորհը և հետագայում անցկացնելով ընտրություններ համամասնական ընտրակարգով՝ երկրում կստեղծվի քաղաքական մրցակցության առողջ մթնոլորտ։ Կհայտնվեն նոր դեմքեր, նոր ուժեր՝ նոր ասելիքով և առաջարկներով, և որ ամենակարևորն է՝ այդ նորը կլինի ինքնուրույն, ոչ թե Բաղրամյան 26-ի «մասնաճյուղից» կամ սերժաարբանյակ «նախասերժարանից»։ Ում ինչպես հարմար է։
Երկրի քաղաքական համակարգը նորացնելու համար անհրաժեշտ է կոտրել առկա քաղաքական մենաշնորհը, իսկ դրան հնարավոր կլինի հասնել իշխանափոխության միջոցով։ Հետևաբար, հասարակությունը պետք է նպաստի այդ գործընթացին։ Հարց՝ ինչպե՞ս։ Ակտիվ մասնակցությամբ երկրում մեկնարկած համապետական շարժմանը՝ համագործակցելով ոչիշխանական քաղաքական ուժերի հետ։ Համագործակցության ձևաչափը նույնպես տրված է. «Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորումը` ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարևորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը», – ասել է Գագիկ Ծառուկյանը։
Համապետական մոբիլիզացիայի արդյունքում հանրապետության ողջ տարածքում ի հայտ կգան նոր դեմքեր, նոր մարդիկ, որոնք իրենց մասնագիտական, մտավոր և անձնային տվյալներով նոր ասելիք կունենան։ Հայաստանը միայն Երևանը չէ, հետևապես, մարզերն էլ նոր մարդկանց կարիք ունեն։ Դրան հասնելու համար անհրաժեշտ է ընդամենը յուրաքանչյուրիս կամքը և ցանկությունը՝ կոտրելու երկրում առկա քաղաքական մենաշնորհը։

***
Քաղաքագիտության մեջ գոյություն ունեն քաղաքական համակարգերի ուսումնասիրման մի շարք մոտեցումներ։ Ինքս համակարգային մոտեցման կողմնակից եմ, սակայն այն ոչ մի կերպ միակ ընդունելին չեմ համարում, քանզի քաղաքականությունը դինամիկ երևույթ է։ Բացի այդ, անկախ ամեն ինչից՝ պետք է նաև հասկանալ, որ բոլոր մոտեցումներն էլ թերություն ունեն, քանզի շեշտադրվում են հիմնարար բաղադրիչի վրա։ Երբ մեր հասարակության համակարգային մոտեցման «դոգմատիկները» նոր քաղաքական համակարգ են պահանջում այս համակարգում իրենց կեցության պայմաններում, պետք է նաև հասկանան, որ այդ նորին հասնել է պետք։ Հասնել նոր քաղաքական համակարգի քաղաքական կյանքից դուրս ու առանց քաղաքական դերակատարների, մեղմ ասած, երկրում առկա գործընթացներից ու իրավիճակից կատարյալ անտեղյակություն է։
Յուրաքանչյուրի իրավունքն է, իհարկե, լինել այս կամ այն քաղաքական հայացքների տեր, բայց երբ դեմ ես իշխանություններին, դեմ ես ոչիշխանական քաղաքական ուժերի ծավալած գործունեությանը, դրան գումարած էլ՝ առաջարկելու ոչինչ չունես՝ բացի համակարգային փոփոխություններ ու նոր դեմքեր պահանջելուց, լավ է գոնե լռել՝ տեղից գաղջ մթնոլորտը չսրելու ու մարդկանց հիաթափությունն ավելի չխորացնելու համար՝ ջուր լցնելով իշխանության ջրաղացին։
Իսկ ինչ վերաբերում է այն մտքին, թե պետք է սպասել, որ իրեն սպառած այս քաղաքական համակարգը վերջնականապես կազմալուծվի, առանց գործնական քայլեր ձեռնարկելու՝ պետության կորստով կավարտվի։
Եթե Հայաստանում կա ուժ, որը կազմաքանդվող այս քաղաքական համակարգին զուգահեռ՝ կարող է և ունակ է կառուցել նոր քաղաքական համակարգ, դա «եռյակն» է։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը