Քաղաքական

27.10.2014 14:43


Միքայել Մելքումյան. «Մենք իշխանությանն ասել ենք՝ մի՛ փորձիր վերարտադրվել»

Միքայել Մելքումյան. «Մենք իշխանությանն ասել ենք՝ մի՛ փորձիր վերարտադրվել»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսելով սահմանադրական փոփոխություններից՝ նշել է, որ հարցը միայն ժամանակավրիպությունը չէ. «Այսօր ինչո՞ւ ենք մենք արձանագրում՝ մեր հանրապետությունում ինչպիսին է հանրային վիճակը, սոցիալական վիճակը, տնտեսական վիճակը։ Դա պատահական չէ... Դրա հետևանքով ավելանում է արտագաղթի ծավալը։ Մի կողմից ցուցանիշները կտրուկ վատանում են, նույնիսկ չեն էլ կանգնում, անընդհատ գահավիժում են, մյուս կողմից՝ մենք հանգիստ ուզում ենք չափավոր ռեֆորմներ անել։ Մեկը մյուսի հետ անհամապատասխան է»։

Ըստ տնտեսագետի՝ չի կարելի նման ցուցանիշների դեպքում, երբ ազգային անվտանգության խնդիրներ են առաջանում, հանգիստ տեսքով փորձել երեք–չորս տարվա ռեժիմով ինչ–որ փոփոխություն անել։

Մելքումյանն ընդգծել է, որ ներկա փուլում անհրաժեշտ է կանգնեցնել «արյունահոսությունը». «Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որպեսզի մենք այդ հարցերը լուծենք առանց այն խախտելու»։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 24-ի ոչիշխանական ուժերի համապետական հանրահավաքին, ԲՀԿ պատգամավորն, ի պատասխան ասուլիսին մասնակցող ՀՀԿ–ական Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքի, թե «եռյակի» առաջնորդները տարբեր մոտեցումներ ունեն, և չկա «սկզբունքային միասնություն», ասել է. «Նախ և առաջ պետք է հստակ նշել այն փաստը, որ «եռյակ» կազմող կուսակցությունները, որպես խորհրդարանական համագործակցության ձևաչափ, վեր են ածվել նաև խորհրդարանից դուրս իրենց ղեկավարների ձևաչափով մի կուռ կառույցի՝ համագործակցության ձևի։ Այս երեք կուսակցությունները, որոնք տասնյակ հազարավոր մարդկանց են հավաքում, գալիս են այստեղ, իրենց ծրագրային դրույթներն են առաջարկում, որն արդեն հայտ է,–ապա հավելել, – խոսել այն մասին, որ չկա ծրագրային և ընդհանուր ուղղվածություն, քաղաքական կարճատեսություն եմ համարում»։

Ըստ պատգամավորի՝ շատ նորմալ է, որ այդ ուժերը տարբեր մոտեցումներ ունեն, բայց այս փուլում արդեն այնքան ծայրահեղ վիճակի է հասել երկիրը, որ որոշակի տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն, և իրավիճակից դուրս գալու միասնական ջանքեր գործադրեն։

«Մենք ասում ենք՝ հարգարժա՛ն իշխանություն, տարիներ շարունակ (2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո) մեր վարքագիծը և մեր գործունեությունը ցույց է տվել, որ մենք անընդհատ ձեզ ասել ենք` սա պետք է այսպես ուղղել... կան խնդիրներ, որոնք տնտեսական հենք ունեն, կան խնդիրներ, որոնք ունեն քաղաքական հենք։ Այսօր ա՛յս քաղաքական մոտեցումներով, քաղաքական որոշումներ ընդունելու ա՛յս մեխանիզմներով այլևս անհնար է սոցիալական, տնտեսական հարցեր լուծել... քաղաքական լուծումները նրանք են, որ մենք իշխանությանն ասել ենք՝ մի՛ փորձիր վերարտադրվել»։

Պատգամավորի խոսքերով՝ պետք է լուծում գտնեն նաև 12 կետերը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի հարցը։

«Եթե խնդիրները չեն լուծվում, ապա առաջ է գալիս համազգային շարժումը»,–եզրափակել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը