Կարծիք

25.10.2014 12:45


Նինա Մարգարյան. «Հանրահավաքում հնչած քաղաքական գնահատականները և թեզերը շատ հստակ էին»

Նինա Մարգարյան. «Հանրահավաքում հնչած քաղաքական գնահատականները և թեզերը շատ հստակ էին»

Թեև երեկվա հզոր հանրահավաքից հետո Բաղրամյան 26-ի հսկողության տակ աշխատող լրատվամիջոցները և տարբեր «կալիբրի» պատվեր կատարողները փորձում են ցեխ շպրտել «եռյակի» վրա՝ կառչելով ինչ-որ երկրորդական հարցերից, հանրահավաքում հնչած ՔԱՂԱՔԱԿԱՆ գնահատականները և թեզերը շատ հստակ էին.

1. Գործող իշխանությունները ձախողել են բոլո՛ր ոլորտներում՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականության:

2. Գործող իշխանությունների ապաշնորհ քաղաքականության արդյունքում երկրում խորանում են աղքատությունը, գործազրկությունը, տնտեսությունը կաթվածահար է, և այս ամենի հետևանքով օրեցօր աճող արտագաղթի ցուցանիշները վտանգում են մեր երկիրը:

3. Գործող իշխանության «նախաձեռնողական» քաղաքականության պատճառով մենք արժեզրկել ենք Հայաստանի կշիռը նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, ինչը ոչ միայն տնտեսական ոլորտում է բացասական հետևանքների հանգեցրել (արտաքին ներդրումների ծավալների կտրուկ կրճատում), այլ նաև քաղաքական (մասնավորապես, Ադրբեջանի հետ առաջատար պետություններն ընդլայնում են իրենց հարաբերությունները, իսկ, օրինակ, Էրդողանը ցինիկաբար հայտարարում է, թե ցեղասպանություն եղել է, բայց կոտորողները եղել են ոչ թե թուրքերը, այլ հայերը):

4. Երկրում օրեցօր խորանում է քաղաքական մենաշնորհը, երբ գործող իշխանությունները չեն ցանկանում հաշվի նստել ոչ միայն այլ քաղաքական ուժերի հետ, այլ նաև անտեսում են ժողովրդի պահանջը՝ պնդելով, որ թեև հասարակության 80 տոկոսը դեմ է իրենց որոշումներին, իրենք հետ չեն կանգնի: Արդյունքում՝ կայացրած միանձնյա գիշերային որոշումները քայքայում են մեր երկիրը, իսկ տարբեր տիպի ապօրինի գործարքները (օրինակ՝ «Որոտանի» կամ «ՀայՌուսգազարդի» պատմությունները, էլ չեմ խոսում արտաքին քաղաքականության ոլորտի մասին ) զրկում են մեր երկիրը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներից և դիրքերից, ինչի արդյունքում Հայաստանը հայտնվում է խուլ ու համր դիտորդի դերում:

5. Գործող իշխանությունը սպառել է իրեն և ի վիճակի չէ (և չի էլ ցանկանում. այլապես ոչ մի խոսք անգամ չէր կարող գնալ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու նպատակի մասին) շտկել այս իրավիճակը, ավելին՝ հակաժողովրդական օրենքներ ընդունելով՝ օրեցօր է՛լ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը:

Այս ամենը հանգեցնում է նրան, որ այլևս սպասել հնարավոր չէ, քանի որ երկիրը կանգնած է անդունդի եզրին, և ժամանակի կորուստը կարող է աղետալի հետևանքների բերել:

Գործող իշխանությունը սպառել է իրեն, և միայն նոր որակի իշխանությունը և նոր քաղաքական ծրագիրը կարող են շտկել իրավիճակը:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկվել էր հետևյալ «ճանապարային քարտեզը».

1. Ժողովրդի, այդ թվում՝ Սփյուռքի և Արցախի ժողովրդի լայն մոբիլիզացում և կոնսոլիդացում՝ գործող իշխանությունների վրա ճնշումն է՛լ ավելի ուժեղացնելու համար:

2. Համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում՝ ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար, ինչպես նաև շարժմանը կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ տալու նպատակով:

3. Ամենասեղմ ժամկետներում իրականացնել Ընտրական օրենսգրքի փոփոխություն, վերացնել մեծամասնական ընտրակարգը և գնալ արտահերթ ընտրությունների, ինչը գործող իշխանություններին հնարավորություն կտա խուսափել ցնցումներից և խաղաղ ճանապարհով հանձնել իշխանությունը որակապես նոր քաղաքական ուժերին: Իսկ մինչ այդ իշխանություններին առաջարկվում է քայլեր ձեռնարկել՝ լուծելու այն բոլոր խնդիրները, որոնք բազմիցս մատնանշվել են «եռյակի» կողմից:

Հակառակ դեպքում «եռյակը», մոբիլիզացնելով հասարակության բոլոր շերտերը, ստիպված կլինի փողոցի և հրապարակի միջոցով արդեն ավելի կոշտ ձևով պարտադրել գործող իշխանություններին նոր իշխանության ստեղծումը և արտահերթ ընտրությունները:

Սրանք են այն հիմնական կետերը, որոնք կարելի է առանձնացնել երեկվա հանրահավաքից: Սա՛ պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում, այլ ոչ թե երեկ հարթակում տեղի ունեցած ինչ-որ երկրորդական իրադարձություններ, որոնք, ի դեպ, խոսում են «եռյակի» առողջ լինելու մասին, քանի որ հենց տարբեր տեսակետների բախումն է հանգեցնում ճիշտ որոշումների, իսկ կույր միակարծությունը հանգեցնում է տոտալիտար համակարգի հաստատման:

Մի բան ակնհայտ է՝ «եռյակը» միակարծիք է այն հարցում, որ գործող իշխանությունը սպառել է իրեն, և պետք է հեռանա:

Մնացածը դատարկ խոսակցություններ են:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը