Կարծիք

25.10.2014 10:45


Մարդիկ պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին ու ապագային

Մարդիկ պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին ու ապագային

Բայց Բաղրամյան 26-ի հսկողության տակ գտնվող լրատվամիջոցների աշխատողները, «վերլուծաբանները» և տարբեր տիպի ֆեյքերն ինչ պրիմիտիվ են: Ուրեմն ամբողջ համացանցը ողողել են Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նկարներով` փորձելով մատի փաթաթան դարձնել էսօր հանրահավաքի ժամանակ երկու առաջնորդների միջև տեղի ունեցած բանավեճը: Հարգելինե՛րս, արդեն փրփուրներից եք կախվում: Հասկացե՛ք, որ առողջ քաղաքական համակարգը հնարավոր է կառուցել միայն առողջ բանավեճի և տարբեր կարծիքներ հնչեցնելու հիման վրա: Հենց տեսակետների բազմազանությունն ու առողջ բանավեճն է հանդիսանում ժողովրդավարության հիմքը: Իսկ կույր միակարծությունը բնորոշ է տոտալիտար համակարգին: Եվ բոլոր էն անձինք, ովքեր էսօրվա բանավեճը փորձում են օգտագործել ի շահ Սերժ Սարգսյանի, ոչ միայն չեն օգնում Սերժին, այլ հակառակը` վնասում են, քանի որ իրենց վարքագծով և պատվեր կատարելու ոճով հերթական անգամ ապացուցում են, որ Սերժ Սարգսյանը բոլշևիկյան մտածելակերպի կրող է, և իր մտքում անգամ չի տեղավորվում, որ քաղաքական գործիչները որևէ հարցում կարող են տարբեր տեսակետներ ունենալ, բայց որևէ խնդրի շուրջ միավորվել ու ակտիվորեն համագործակցել միմյանց հետ: Սա վեր է Սերժ Սարգսյանի և նրա կենդանի գործիքների պատկերացումներից:

Իսկ իրականությունը այն է, որ, չնայած նրան, որ, օրինակ, արտաքին քաղաքականության վերաբերյալ «եռյակի» ուժերը տարբեր պատկերացումներ ունեն, սակայն մեկ հարցում նրանց պատկերացումները համընկնում են....գործող իշխանություններն իրենց վաղուց սպառել են և իրենց խայտառակ քաղաքականությունով «երկիրը» տանում են դեպի անդունդ: Սա էն մեխն է, որը միավորել է «եռյակի» ուժերին և փողոց հանել տասնյակ հազարավոր մարդկանց: Էդ հարցում որևէ տարաձայնություն չկա:

Էնպես որ, փրփուրներից կախվելու փոխարեն՝ Բաղրամյան 26-ում ավելի լավ է՝ սկսեն մտածել «եռյակի» առաջարկներն ընդունելու և իշխանությունն անցնցում ճանապարհով հանձնելու ուղղությամբ: Թե չէ, տարբեր տիպի մուտիլովկաներ տարածելով՝ ձեր անգին ժամանակն եք վատնում:

Հ.Գ.: Ի դեպ, ես էլ տասնյակ հազարավոր մարդկանց նման եղել եմ Ազատության հրապարակում, և ասեմ ձեզ, որ այն ոգևորությունը, որը կար այնտեղ, արդեն երկար տարիներ չէի զգացել: Մարդիկ պատրաստ են, պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին ու ապագային: Միացո՛ւմ:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը