Քաղաքական

24.10.2014 18:53


Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է բռունցք բարձրացվի բոլոր նրանց համար, ովքեր քաղբանտարկյալ են դարձել»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պետք է բռունցք բարձրացվի բոլոր նրանց համար, ովքեր քաղբանտարկյալ են դարձել»
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ ունենալով այսօրվա հանրահավաքին՝ շեշտել է, որ «այսօրվա հրապարակը շատ լուրջ է և միացյալ»։

«Մենք հավաքվել ենք՝ որպես հայ մարդիկ, Հայաստանի քաղաքացիներ։ Մեզ այսօր միացնում է Հայաստանը։ Ամենակարևորն այսօր ոչ միայն մենք ենք այստեղ՝ առաջնորդներ, թե կուսակցություններ՝ տարաձայնությունները հաղթահարած, միասին կանգնած... դուք ամեն մեկդ մի պայքար եք, ամեն մեկդ՝ մի զենք և սահմանադրական ուժ։ Եվ ով այսօր հավաքվել է՝ պետք է պատրաստ լինի, եթե լուրջ ենք կյանքի և պայքարի...»։

Ըստ նրա՝ ժողովո՛ւրդը պետք է ասի, թե որն է Հայաստանի վաղվա հաղթանակը և վաղվա օրը։
Անդրադառնալով քաղբանտարկյանլների խնդրին՝ «Ժառանգության» առաջնորդն ասել է, որ պետք է բռունցք բարձրացվի բոլոր նրանց համար, ովքեր քաղբանտարկյալ են դարձել Սերժ Սարգսյանի ռեժիմի հետևանքով։

Հովհաննիսյանը նշել է, որ վերանայում են իրենց կուսակցական մոտեցումները, քանզի հասկացել են, որ բոլոր միջազգային ազդեցիկ կենտրոններն իրենց շահերն են հետապնդում. «Մենք ինքներս կողմնակից եղել ենք եվրոպական ինտեգրման, բայց մենք հիմա ինքներս վերանայում ենք այդ մոտեցումը, որովհետև տեսնում ենք, որ այս փուչ աշխարհում գրեթե բոլորը նույնն են, ու հետապնդում են իրենց շահը, ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ամերիկան։ Եվրոպան ճանաչեց կեղծված ընտրություններն անցյալ տարի»։

Նա կարևորել է ինքնիշխան, ժողովրդական, սահմանադրական Հայաստանի առկայությունը. «Ամենակարևորը մեր ազատությունն է, մեր ինքնիշխանությունը և մեր ազգային շահը», – ընդգծել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է «խոսքից գործ»։

Այս խորագրի վերջին նյութերը