Հարցազրույց

24.10.2014 15:09


ԲՀԿ անդամ. «Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ իշխանափոխության գործընթացը սկսված է»

ԲՀԿ անդամ. «Եվս մեկ անգամ հաստատում եմ, որ իշխանափոխության գործընթացը սկսված է»

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արման Թաթոսյանի հետ

–Այսօր Ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ իշխանափոխության գործընթացը մեկնարկել է: Կբացե՞ք փակագծերը:

–Անշուշտ, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ իշխանափոխության գործընթացը սկսված է: Պարզապես անհրաժեշտ է ճիշտ պատկերացնել, որ իշխանափոխությունը մեկ օրում իրականություն չի դառնում. հակառակ դեպքում ամեն օր և ամեն ցանկացող իշխանափոխություն կաներ: Իշխանափոխությունը պահանջում է քաղաքական և հասարակական լայն կոնսոլիդացիա, ինչի հիմքը դրվեց Գագիկ Ծառուկյանի հայտնի ծրագրային ելույթից հետո, երբ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն է՛լ ավելի խորացվեց, ինչպես նաև միավորվեցին արտախորհրդարանական մի շարք ուժեր, և այսօր արդեն այդ ուժերը՝ «եռյակի» առաջնորդությամբ, կանգնած են հրապարակում և չեն խուսափում «իշխանափոխություն» եզրույթից, որքան էլ որ իշխանահպատակ մամուլը փորձի սադրանքներով լի տեքստեր հրապարակել ու ապատեղեկատվություն տարածել, թե այս ուժերը պառակտված են, կամ պահանջը ոչ թե իշխանափոխությունն է, այլ պաշտոններ կորզելը: Վստահեցնում եմ, որ պաշտոններ բազմիցս առաջարկվել են, բայց այս համակարգում այդ պաշտոնները ոչ մի դեր չունեն, և այս իշխանությունների մոտ պաշտոն ստանձնողը դատապարտված է անհաջողության: Հենց սրանից է բխում իշխանափոխության անհրաժեշտությունը, որի՝ արդեն իսկ սկիզբ առած գործընթացը պետք է հասցնել ավարտին, և որքան շուտ, այնքան լավ՝ միաժամանակ խուսափելով բախումներից և առճակատման գնալուց:

–Որքանո՞վ եք հավանական համարում, որ իշխանություններն, ի վերջո, սթափ կգնահատեն իրավիճակը և կգնան զիջումների։

–Անկեղծ ասած, եթե իշխանությունները սթափ գնահատեին իրավիճակը, ապա վաղուց պետք է հրաժարական ներկայացնեին, բայց, ցավոք, իշխանության ներկայացուցիչները ցանկացած քննադատություն կամ նույնիսկ խորհուրդ ցավագին են ընդունում և որակում որպես անձնական վիրավորանք: Չնայած, հանուն արդարության, պետք է նշել, որ ժողովրդական և քաղաքական ճնշման արդյունքում զիջումների ևս գնում են, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի հրաժարականի, սահմանադրական բարեփոխումների հետաձգման կամ թեկուզ շրջանառության հարկի դեպքում: Այսինքն, նախադեպը մենք ունենք. պարզապես այդ ճնշումը դեռևս չի հասել գագաթնակետին, և դա է պատճառը, որ իշխանությունները դեռևս իրենց տեղում են, բայց մենք ամեն օր տեսնում և համոզվում ենք, որ օրեցօր ավելի ու ավելի շատ ոլորտներում են դժգոհություններ առաջանում, որոնք այսօր արդեն ունեն միասնական հարթակ՝ միավորվելու և համախմբված պայքարելու համար: Ի վերջո, սկսած «եռյակի» ղեկավարներից և վերջացրած քաղաքացիներով՝ եթե հավանական չհամարեինք իշխանափոխության սցենարը, ապա ի սկզբանե այս պայքարը չէր սկսվի, իսկ սկսած գործը կիսատ թողնելն անընդունելի է, և գուցե ճակատագրական լինի Հայաստանի համար:

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը