Կարծիք

24.10.2014 11:26


Աննա Մովսիսյան

Աննա Մովսիսյան

Բաղրամյան 26-ի վերջին ռեսուրսը՝ «գեբելսյան քարոզչամեքենան», այլևս կորցրել է իր արդյունավետությունն ու ազդեցությունը քաղաքացիների գիտակցության վրա։ Հասարակությանն այսօր հուզում է իշխանափոխության՝ արդեն իսկ հաջող մեկնարկած գործընթացը։ Ժողովուրդը ցանկանում է փոփոխություններ և դրանց հասնելը կապում է իշխանափոխության հետ։

Սերժ Սարգսյանը, նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ, իր դրույքը կատարել է մեր ժողովրդի խաղաղասեր, ոչ հեղափոխական ոգու վրա՝ նպատակ ունենալով հեշտ ու հանգիստ վերարտադրվել։ Այո, մեր ժողովուրդը կռվարար չէ, և ծայրահեղ դեպքերում է կոշտ քայլերի դիմում։ Բաղրամյան 26-ում, սակայն, չէին հաշվարկել, որ ժողովրդի խաղաղասեր էությունը կնպաստի ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրությանը, այլ անցնցում իշխանափոխությանը։ Այսօր քաղաքացիների օրակարգում կա մեկ հարց՝ հասնել երկրում փոփոխությունների անցնցում տարբերակով։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ծրագրային ելույթով հանդես կգա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ դա նշանակում է, որ խոսքին հաջորդելու է գործը։
«Եռյակը», ի տարբերություն իշխանությունների, պատրանքներով չի կերակրում ժողովրդին. հենց դա՛ է նրա առավելություններից մեկը։ Սարգսյանը մեզ խոստացավ ապահով Հայաստան, արդյունքում՝ ունեցանք ազգային անվտանգության մտահոգիչ խնդիր, խոստացավ տնտեսական աճ, արդյունքում՝ գրանցվեց երկնիշ անկում, խոստացավ առաջ Հայաստան, արդյունքում՝ խիարը թարս բուսնեց... Մի խոսքով, Սերժ Սարգսյանն այլևս անցյալ է, իսկ ներկան Ազատության հրապարակն է, ապագան՝ նոր Հայաստանը։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը