Լրահոս

23.10.2014 21:04


Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը

Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական զարգացում են ապրել։ Եվ առանձնահատուկ գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ դրանք նոր դինամիկա են ստացել վերջին տարիների ընթացքում, ինչն արտահայտվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և փոխայցելություններով»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդուելության համար` նախարար Շտայնմայերը նշեց, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի համակողմանի համագործակցության ընդլայնումը, և ինքը հենց այդ ուղերձով է ժամանել Երևան։

Նախարարները հանգամանալից քննարկեցին տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գործընկերության հեռանկարները, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի վերաբերյալ։

Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական կանոնավոր երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտը, միջխորհրդարանական համագործակցությունը, առևտրատնտեսական, մշակութային, գիտա-կրթական, ռազմական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը շարունակաբար զարգացել և ամրապնդվել են:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի քննարկման ժամանակ նախարարները համակարծիք էին, որ այս հարցում մեծ նպաստ են բերում հայ-գերմանական գործարար համաժողովները, որոնք պարբերանար կազմակերվում են մեր երկրների գործարար համայնքների միջև: Այս առումով կարևորվեց հոկտեմբերի 13-ին Երևանում անցկացված հայ-գերմանական գործարար հանդիպումը` գերմանացի գործարարների տարածաշրջանային տնտեսական առաքելության շրջանակներում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, դրանց իրավական նոր հիմք ստեղծելուն ուղղված աշխատաքներին։

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ թեմաների՝ ուկրաինական ճգնաժամի, Սիրիայում, Իրաքում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ, անդրադարձան իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին:

Այս խորագրի վերջին նյութերը