Լրահոս

23.10.2014 17:38


Սահմանամերձ համայնքներում հարկերից ազատելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Սահմանամերձ համայնքներում հարկերից ազատելու մասին փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Քիչ առաջ ԱԺ–ում քվեարկության է դրվել Կառավարության ներկայացրած «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենսդրական փաթեթը։

ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունն այսօր առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկելու նախագծին՝ պայմանով, որ ԲՀԿ–ի առաջարկությունները՝ հարկային մայր փաթեթը սահմանամերձ բնակավայրերի արտոնություններից տարանջատելու և պետական տուրքի, հիփոթեկային հարկի մասով, երկրորդ ընթերցման ժամանակ ընդունեն։

–Երկրորդ ընթերցմամբ եթե մեր այս հարցադրումները չընդունվեն, մենք կողմ չենք լինի այս օրենքի նախագծին,–ասել է Մ. Մելքումյանը։

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտնել է, որ քննարկել են, և առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փաթեթից կանջատվի սահմանամերձ բնակավայրերին վերաբերող հատվածը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ընդգծել է, որ երբ սահմանապահ համայնքներ բոլոր խմբակցությունների այցելությունից հետո նախաձեռնվեց այդ բնակավայրերին արտոնություններ տալու հարցը, այն բոլորովին այլ գաղափարախոսություն և բովանդակություն էր կրում։

–Ցավոք, դա տեղ չի գտել այս փաթեթում, առավել ևս՝ արհեստական է փաթեթ ձևավորվել, որովհետև դրանում եղած օրենքների մեծ մասը կապ չունի մեր հիմնական մոտեցումների հետ, և մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու,–ասել է Ռ. Հակոբյանը։

Այնուհետև օրենսդրական փաթեթը դրվել է քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվել 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը