Կարծիք

23.10.2014 11:10


Էդվարդ Անտինյան. « Իշխանափոխությունը հետևողական աշխատանք է, որին պետք է մասնակից լինենք բոլորս»

Էդվարդ Անտինյան. « Իշխանափոխությունը հետևողական աշխատանք է, որին պետք է մասնակից լինենք բոլորս»

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ «եռյակի» լիդերները հանդիպեցին ու, ըստ տարածված լուրերի, վերջին շտկումներն արեցին՝ ինչ ծրագիր ներկայացնեն հանրությանը, և իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» որ քայլը ինչ ժամանակում կատարեն:

Ուշագրավն այն է, որ առանց այն էլ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Գագիկ Ծառուկյանի ելույթը առաջիկա հանրահավաքում, բայց քանի որ մեր իշխանություններն ինչպես ապաշնորհ երկիր են ղեկավարում, նույնպես էլ իրենց PR-ն ու ընդդիմախոսների սև PR-ն են կազմակերպում, այնքան ասացին, թե ինչու հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ելույթ չունեցավ ԲՀԿ առաջնորդը (երբ իրականում ելույթ ունեցել է, ու թեկուզ կարճ, բայց դրանով որոշ կարևոր շեշտադրումներ հասցրեց անել), այնքան կարևորեցին, որ ակամայից դրանով էլ հասարակական սպասումները լրջորեն մեծացրեցին Ծառուկյանի ելույթի հանդեպ:

Լավ, այսքան գումար է ծախսվում Սարգսյանի հակառակորդների իմիջին վնաս հասցնելու վրա, մեծաքանակ ուժեր են այս հարցում ներգրավված, ասեցինք՝ ապաշնորհ են, բայց այսքա՞ն: Ես ստիպված ավելի շուտ մտածում եմ, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի քարոզչամեքենան ամբողջությամբ փաթաթել է տվել թղթի մեջ ու գնել այն, քան հավատում, որ այսքան ռեսուրս ներդնելու պարագայում այսչափ բութ ձևով են աշխատում:

Անզեն աչքով էլ երևում է, որ այս անգամ հաղթանակի հասնելու համար առկա են մի շարք կարևոր նախադրյալներ՝ իշխանությունների վատ կառավարման պատճառով ժողովրդի մեծ դժգոհությունից բացի: Բավական է նշել փորձառու լիդերներով համախմբված թիմի առկայությունը, մարդկային ու նյութական ռեսուրսի բավարար քանակությունը: Բայց պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ չի կարելի սահմանափակվել միայն այս գործընթացը նախաձեռնած «եռյակի» ֆորմատով:

Ժամանակին նման սխալներ արդեն թույլ են տրվել տարբեր շարժումների առաջնորդների կողմից, որոնք վստահ լինելով, թե միայնակ էլ կհաղթեն, չեն ցանկացել այն կիսել, պայքարին միանալ ցանկացող ուժերի հետ՝ կարծելով, որ հաղթողի դափնեպսակը միայն իրենց փառահեղ գլուխը կարող է զարդարել: Արդյունքում՝ շարժումները հաջողության չեն հանգեցրել, ու թեպետ մի շարք այլ պատճառների առկայությանը, բայց լայն քաղաքական կոնսոլիդացիան թերագնահատելն ամենամեծ վնասն է հասցրել պայքարին:

Հարկավոր է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իրեն շարժման մասնակից զգա: Հանրահավաքը կլինի շուրջօրյա թե ընդհատումներով, օրեր կտևեն թե շաբաթներ՝ այդ ընթացքում ակտիվ պայքարողները պետք է անելիք ունենան: Մի տեղ պիկետ կազմակերպեն, մյուս տեղում՝ ճանապարհ փակեն, հանրապետության տարբեր վայրերում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ անեն, մայրաքաղաքի կարևոր վարչական շենքերի մոտակայքում նստացույցեր անցկացնեն և, ի վերջո, շարժմանն աջակցող կառույցներ ձևավորեն: Մի խոսքով, իշխանությունները պետք է հանգիստ օր չունենան, ու դա չպետք է արտահայտվի միայն Ազատության հրապարակում հավաքվածների հարուցած անհանգստությամբ:

Դե ուրեմն, հոկտեմբերի 24-ին գնանք Ազատության հրապարակ՝ ամեն մեկս պայքարի մեր դերը հստակ գիտակցելով, ու այն ակնկալիքով, որ սկսված գործը հասցվելու է հաղթական ավարտի:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203202218278800

Այս խորագրի վերջին նյութերը