Կարծիք

22.10.2014 17:37


Վարդան Քոչարյան. «Իշխանության բոլոր շերտերում խուճապ կա»

Վարդան Քոչարյան. «Իշխանության բոլոր շերտերում խուճապ կա»

Հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքից հետո իշխանության ներկայացուցիչների պահվածքը կտրուկ փոխվել է: Այդ մասին են վկայում նաև ԱԺ այս քառօրյայում տեղի ունեցող իրադարձությունները: Նրանք ավելի նյարդային են դարձել, այևս չեն թաքցնում սեփական մակարդակը, ավելի ճիշտ՝ մակարդակի բացակայությունը. բացահայտ անցել են անձնական վիրավորանքների:

Սա վկայում է միայն մի բանի մասին՝ իշխանության բոլոր շերտերում խուճապ կա: Այն էլ ինչպիսի խուճապ: Նրանք կարծես թե զգում են, որ վայելում են իշխանություն լինելու «հաճույքների» վերջին պահերը: Զգում են, բայց չեն ցանկանում ընդունել դա, դրա համար էլ անցել են արդեն բոլոր հնարավոր սահմանները: Դրա համար են Լիսկային մարզպետ նշանակում: Դրա համար են ցանկացած առողջ քննադատության պատասխանում ագրեսիայով ու վիրավորանքներով: Դրա համար են մերժում երկիրը ծայրահեղ ծանր վիճակից հանելու ցանկացած առաջարկ: Դրա համար են գործի դնում իրենց կողմից վաղուց գնված և ժամանակ առա ժամանակ օգտագործվող և դեն տետվող երևույթներին: Դրա համար են նաև փորձում քամել ժողովրդի վերջին կոպեկները՝ իմանալով հանդերձ (պետք է առնվազն անհասկ լինել՝ չգիտակցելու դա), որ քաղաքացիներն այլևս ի վիճակի չեն վճարել այդ ահռելի կոմունալ ծախսերը, կենսաթոշակային վճարները, տուգանքները, կարմիր գծերի վճարներն ու տուգանքները:

Հիմա արդեն մեր՝ քաղաքացիներիս հերթ է այլևս չհանդուրժելու այս իշխանություններին: Հոկտեմբերի 24-ը հիանալի հնարավորություն է՝ ցույց տալու նրանց, ովքեր իրենց համարում են այս երկրի տերը, որ նրանք չարաչար սխալվում են: Այլևս ոչ ոք իրավունք չունի անմասն մնալ համաժողովրդական պայքարից. այս պայքարը միայն «եռյակի» պայքարը չէ, այս պայքարը բոլորիս պայքարն է, մենք բոլորս ենք այս երկրի տերը, մենք բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք մեր երկրի կայացման գործում, մենք պիտի բոլորս միասին պայքարենք և միայն այդ դեպքում կհաղթենք:

Վարդան Քոչարյան

Այս խորագրի վերջին նյութերը