Լրահոս

22.10.2014 17:26


Լևոն Զուրաբյան. «Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին»

Լևոն Զուրաբյան. «Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին»

ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծել է, որ տնտեսական անվտանգության չափանիշներից է նաև այն, որ պահուստները միշտ ավելի մեծ են, քան 6 ամսվա ներմուծման ծավալը:

–2012 թվականին ներմուծման 4 միլիարդ 476 միլիոն դոլարը բաժանում ենք երկուսի, այսինքն՝ 6 ամսվա վրա, և ստացվում է 2 միլիոն 238 միլիարդ դոլար: Ի՞նչ է կատարվել այդ պահուստների հետո: Հունվարին 2 մլրդ 113 մլն դոլարից հասել է 1 մլրդ 663 միլիոնի: Այսինքն, ընդամենը 6 ամսվա ընթացքում Կենտրոնական բանկի մեր պահուստները 55 մլն դոլարի չափով պակասել են,-ասել է Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ, փաստորեն, «անցել ենք կարևորագույն կարմիր գիծը՝ կապված տնտեսական անվտանգության հետ»։

Լ. Զուրաբյանի հարցին՝ Կառավարությունն ինչպե՞ս է արձագանքել այս վտանագավոր վիճակին, գործադիր մարմնի ներկայացուցիչները հրաժարվել են տեղում պատասխանել՝ խնդրելով հարցն ուղարկել գրավոր:

Զուրաբյանը, սակայն, «7օր»–ի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը պարտավոր չէ գրավոր ներկայացնել հարցը։

–Հարցը բանավոր հնչել է, և իրենք պե՛տք է պատասխանեն։ Կառավարության կեցվածքը ցույց տվեց, որ իրենք չեն տիրապետում իրավիճակին, իրենք չունեն այս հարցի պատասխանը,–ասել է Զուրաբյանը։

Նրա խոսքերով՝ Կառավարությունը կարող էր ինչ–որ ուրվագծով փորձել պատասխանել այս հարցին, իսկ եթե լրացուցիչ տվյալներ պետք լինեին, կարող էին հետո գրավոր ուղարկել.

–Բայց խոսքը ոչ թե թվերի մասին էր, այլ ավելի շատ կոնցեպտուալ հարց էր դրված։ Պահուստային ֆոնդն իջել է մի մակարդակի, որն այլևս վտանգ է ներկայացնում մեր տնտեսության կառավարելիության տեսակետից, և այդ հարցի պատասխանն իրենք պետք է ունենային։ Եթե Կառավարությունը չունի այդ հարցի պատասխանը, մենք ևս մեկ անգամ տեսնում ենք, որ գործ ունենք ոչ կոմպետենտ մարդկանց հետ, որոնք երկիրը տանում են դեպի ձախողում, և չունեն իրենց քաղաքականությունը հիմնավորող որևէ բացատրություն։

Զուրաբյանն ավելացրել է, որ հարցն անպատասխան թողնելն ինքնին արդեն պատասխան է։

–Դա ցույց է տալիս իրենց դեմքը, իրենց ունակությունները, իրենց որակը՝ որպես իշխանություն,–նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը