Լրահոս

22.10.2014 17:21


Նորից կոլեկտորի վթար, և նորից Չարբախում

Նորից կոլեկտորի վթար, և նորից Չարբախում

Լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են անցած շաբաթ եւ կիրակի օրերին Չարբախում, «Կարմիր բլուր» կայարանի հարակից տարածքում տեղի ունեցած կոլեկտորի /խոշոր տրամագծով կոյուղու/ վթարին, որի հետեւանքով կեղտաջրերով ողողվել էր ողջ տարածքը, ստեղծելով հակասանիտարական վիճակ, եւ բնակիչների դժգոհությունը հարուցել: Ինչեւէ, «Երեւան Ջուր» ՓԲԸ միջամտությունից հետո հաջողվեց խնդիրը կարգավորել:

Իսկ այսօր, հոկտեմբերի 22-ին, նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նույն կոլեկտորի մեկ այլ հատվածում, որը ձգվում է Ներքին Չարբախ թաղամասի հարեւանությամբ: Նորից խցանում, նորից բնակիչների ճիչ-աղաղակ, եւ նորից «Երեւան Ջուրը» ստիպված է խցանումը վերացնել: Իսկ մեղավորներ, իհարկե, չկան:

Մեզանում, ցավոք, կարծես վատ ավանդույթ է դառնում նման դեպքերում առաջին հերթին մեղավորներին փնտրել ամենուր՝ կառավարման մարմիններից մինչեւ սպասարկող կազմակերպություններ, բայց ոչ մեղավորների շրջանում: Տվյալ դեպքում՝ հենց նույն «խեղճ ժողովրդի» շարքերում: Ամբոխահաճությունն իր հերթին թողտվության մթնոլորտ է ստեղծում մեզանում, նորանոր ապօրինություններ ծնում ու, ինչը շատ կարեւոր է, հասարակության ուշադրությունը շեղում խնդրից եւ վերջինիս լուծման ուղիներից:

Իսկ խնդիրը հետեւյալն է: Թե մեկ, եւ թե մյուս դեպքում վթարները արդյունք են բնակիչների կողմից կոլեկտորի դիտավորյալ խցանման, որի նպատակը կուտակվող կոյուղաջրերով հարակից այգիները ոռոգելն է: Անշուշտ, բարի նպատակով. կոյուղաջրով աճեցրած միրգն ու բանջարը շուկա հանելը: Առաջին դեպքում հողատերերը, ինչպես միշտ, ծառի ճյուղերով արգելակել էին կոյուղաջրերի բնական հոսքը կոլեկտորով, իսկ դիտահորից դուրս հորդած հեղուկն ուղղել դեպի այգիները: Պարզապես այս դեպքում անձրեւից առաջացած ջրի մեծ հոսքը ոչ միայն քանդել էր պատնեշը, այլեւ վերջինիս մի զգալի մասը իր հետ քշել-տարել դեպի կոլեկտոր ու խցանում առաջացրել: Մյուս դեպքում ներքին չարբախցիները կոլեկտորի վրա կառուցել էին ինքնաշեն ջրարգելակ /«հայերեն» ասած՝ «սլուժ»/, որը ջրի ուժգին հոսքից քանդվել էր ու շինանյութի կուտակումից տեղում խցանում առաջացրել:

Հետաքրքիրն այն է, որ անգամ հարակից հասարակական սննդի օբյեկտների ու արհեստանոցների տերերը, ովքեր ուղղակի տուժել էին վթարից, չէին ուզում «վատամարդ» լինել ու նշել մեղավորներին՝ իրենց հարեւան-բարեկամներին: Ու սա առաջին դեպքը չէ մեզանում: Նման պրակտիկան լայն տարածում ունի ստանում «Երեւան Ջուր» ՓԲԸ սպասարկման տարածքում: Ավելին, կոյուղաջրերի օգտագործումը միշտ չէ, որ կարելի է արդարացնել /եթե դա ընդհանրապես կարելի է արդարացնել/ ոռոգման ջրի բացակայությամբ: Շատ վայրերում այն առկա է, բայց գյուղացիները գերադասում են կամ ապօրինաբար խմելու ջուր օգտագործել ոռոգման նպատակով, կամ ուղղակի հրաժարվում են ոռոգման ջրից, քանի որ դրա համար պետք է վճարել:

Մնում է «երրորդ» ուղին՝ կոյուղաջուրը, որն անվերջ է ու անվճար: Ու այդ միջոցով ստացած միրգ-բանջարեղենը, որն ամեն օր շուկա է հանվում: Նրանց, ովքեր համակերպվել են ստեղծված իրավիճակին կամ արդարացնում է այս պրակտիկան ու դրա հեղինակներին, մնում է ասել. կերեք, անուշ լինի:

«Երեւան Ջուր» ՓԲԸ

հանրային կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը