Կարծիք

18.09.2009 12:33


«Փառահեղ կյանք… գազանանոցում»

«Փառահեղ կյանք… գազանանոցում»

Գազանանոցում բնակվող կենդանիներից շատերն իրենց դես ու դեն էին նետում, պատեպատ զարկվում, ճողոպրելու ելք փնտրելու հույսով տենդագին հոտոտում վանդակաճաղերի երկաթներն ու կրծոտելու գնով դրանցից ազատվելու ճիգեր գործադրում: Մյուսներն, ընդհակառակը, սմքել էին, մազաթափվել: Հաշտված իրենց այս կարգի գոյությանը, նրանք լիովին անկյալացել էին, կորցրել երբեմնի ախորժակը, քաշվել վանդակների անկյուններն ու անշարժ փռվել հատակին: Փակված լինելով վանդակում' նրանք կարոտում էին ազատությանը: Ոմանց մոտ անձկությունը մերթ ընդ մերթ վերաճում էր կատաղի բողոքի, մյուսների մոտ' փոխվում բացարձակ անտարբերության: Ու նրանք' սատկելը գերության մեջ ապրելուց ավելի էին գերադասում: Կենդանիների տառապանքը տեսնելով, գազանանոցի տնօրեն անասելի տրտմել էր: Երկար ու ձիգ մտորումներից հետո, նա ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն, այնուամենայնիվ, գտավ: Ազատե՞ց նրանց...Ամենևին, ուղղակի բոլոր վանդակներում նա հեռուստացույց տեղադրեց ու սկսեց հատուկ' կենդանիների համար ծրագրված հաղորդումներ հեռարձակել... Ու, իսկապես, այդ պահից իսկ' գազանանոցի կյանքը հիմնովին փոխվեց: Գազանների բողոքն ու ընդվզումը աստիճանաբար դադարեց: Նրանց սկսեցին ջունգլիների, սավաննայի, տափաստանների ու կուսական անտառների' նրանց հարազատ հայրենիքների մասին վավերագրական ֆիլմեր ցուցադրել: Ու, ա~յ քեզ հրաշք...Կենդանիներն, իսկապես, երկրորդ շնչառությունն առան: Ենթադրաբար, կենդանիների ճաշակն ու ըմբռնումներն էլ միանշանակ չէին: Այծյամները, զեբրերը, այծքաղերն ու քարայծերը, առյուծների մասին պատմող տեսահոլովակները սարսափ ֆիլմեր էին համարում: Իսկ առյուծների համար' քարայծների, զեբրերի ու այծյամների հեռուստաէկրանին հայտնվելն իսկ, ասես ախորժաբեր հաբ լիներ:Կարճ ասած, գազանները ողջ օրն անց էին կացնում հեռուստաէկրաններին կառչած' անխտիր նայելով բոլոր հաղորդումները: Պրպտող տնօրենը, սակայն, սրանով չբավարարվեց: Նա նոր հեռուստաշարի գաղափար հղացավ, որն էլ ավելի մեծ ցնծությամբ ընդունվեց: Հաղորդումների միայն անվանումներն արդեն' «Նեղոսյան կոկորդիլոսի մեծ սերը», «Թե ինչպես կրծոտեցի վարժեցնողին», «Ինչպես պոզահարել որսորդին», ամեն ինչ արժեին: Նկարահանումներն անչափ գրավիչ էին և, գազանները տարված գլխավոր հերոսների բնականությամբ, մոռանալով աշխարհում ամեն բան, անվերջ ծափահարում ու լաց էին լինում: Ու, որպեսզի հղացած գաղափարն իր ցանկալի ավարտին հասցնի, տնօրենը ձեռնամուխ եղավ «Վանդակ, դու հրաշալի ես...» նոր հեռուստաշարի էկրանավորման աշխատանքներին: Գազաններին հորդորում էին, թե գազանանոցում ապրելն, իսկապես, մեծագույն առավելություն է, որ այն օգտավետ է առողջության համար, որ հենց այնտեղ է որ կա' անկախության ու անվտանգության իսկական երաշխիքը: Ու, իսկապես, արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները...Հաղորդաշարի ավարտից հետո բոլոր գազաններն անասելի հուզվել էին: Նրանք նայում էին մեկմեկու, ներքուստ խոստովանելով' «Իսկապես, մեր բախտն իսկապես բերել է, որ մենք... ապրում ենք... գազանանոցում...»։

Փոխադրությունը՝ Արթուր Ազարյանի

Այս խորագրի վերջին նյութերը